Նատաշան «սպանել» է գիտնականներին իր խելքով

12:48 • 27.03.12

Ուգանդայի արգելոցներից մեկում գիտնականների ծանոթությունը Նատաշա անվամբ շիմպանզեի հետ փարատել է երկար ժամանակ գոյություն ունեցող առասպելն այն մասին, որ կապիկների ու մարդկանց սոցիալական ինտելեկտը լրջորեն տարբերվում է, գրում է Daily Mail-ը:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, 22-ամյա Նատաշան կենսաբաններին ապշեցրել է իր հմտություններով, մասնավորապես` անձնական շահ ստանալու նպատակով մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու կարողությամբ:

Կենդանին ցուցադրել է մարդկանց ուշադրությունը գրավելու իր հնարքները: Նա համեղ սնունդ ստանալու համար ծափ է տալիս` գրավելով այցելուների ուշադրությունը, որոնք էլ նրան հյուրասիրում են տարատեսակ մթերքներ: Բացի այդ, կապիկը զվարճանալու մեթոդներ էլ ունի. նա հատուկ ժեստերի օգնությամբ արգելոցի աշխատողներին կանչում է իր մոտ և սկսում ջրել նրանց:

Ըստ գիտնականների` Նատաշան արգելոցի այլ «բնակիչներին» գերազանցում է իր մտավոր զարգացմամբ ու սոցիալական ակտիվությամբ:

Կենսաբանները խոստացել են մոտ ժամանակներում հրապարակել հետազոտության արդյունքները: Բացի Նատաշայի հմտություններից, զեկույցում կնշվի նաև Այումա անունով շիմպանզեի մասին, որը մտքում մաթեմատիկական խնդիրներ լուծելու ունակություններ է դրսևորել:

Որոշ գիտնականներ առաջարկում են շիմպանզեներին դասել Homo ցեղին: Մարդկանց ու նրանց գենետիկ բազան համընկնում է 98.7%-ով:

Նատաշան «սպանել» է գիտնականներին իր խելքով