Ապրիլից սկսվում է ալերգիաների սրացման շրջանը, զգուշացնում է ալերգաբանը

14:22 • 29.03.12

Հայաստանում ապրիլից սկսվում է ալերգիաների սրացման շրջանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, ալերգաբան Աստղիկ Բաղդասարյանը։

Ալերգիայի ակտիվացման դեպքում նա խորհուրդ է տալիս դիմել բժշկի՝ կանխարգելիչ բուժում ստանալու համար:

Նրա խոսքով՝ Հայաստանում ամենից տարածված ալերգիայի տեսակներից է ալերգիկ րինիտը, որն ունեցողների 40%–ն ունի բրոնխիալ ասթմայի զարգացման ռիսկ:

Ըստ Աստղիկ Բաղդասարյանի՝ ալերգիկ րինիտ հիվանդությունը դրսևորվում է գլխացավի, փռշտոցի, քթերից հոսքի, քթերի փակվածության, աչքերի և քթի քորի ձևով:

«2005թ. անցկացված հետազոտության տվյալներով 4000 երեխաների 10-12%–ն ունի ալերգիկ րինիտ»,- նշեց բժիշկը:

Այլ վիճակագրական տվյալներ, նրա խոսքով, չկան, քանի որ ուսումնադսիրություններ դեռ չեն կատարվել: Միայն հայտնի է, թե որոնք են ալերգիայի ամենատարածված երեք տեսակները։

«Առաջին տեղում մոլախոտերի ծաղկափոշու ալերգիան է,
երկրորդը` շան նկատմամբ ալերգիաները, որոնք հետաքրքիր է, որ լուրջ խնդիրներ չեն առաջացնում, և երրորդը փոշու տզերն են»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանի:

Բժշկի խոսքով՝ ալերգիան ունի ժառանգական նախատրամադրվածություն: Եթե ծնողներից մեկն ալերգիա ունի, ապա հավանականությունը, որ երեխան ևս ալերգիա կունենա, 40% է, եթե երկու ծնողներն ունեն, ապա՝ 70%:

Եթե անգամ ծնողներից ոչ մեկը չունի ալերգիկ հիվանդություն, ապա 20% հավանականություն կա, որ երեխան ունենա ալերգիկ հիվանդություն: Թե ինչով է սա պայմանավորված, ալերգաբանն ասաց, որ դեռ բացահայտված չէ:

Աստղիկ Բաղդասարյանի խոսքով՝ բուսականության և ծառերի առկայությունը նվազեցնում է ալերգիայի տարածվածութունը: Իսկ ծառերի նկատմամբ ալերգիա Հայաստանում նա նշեց, որ չի հայտնաբերվել:

Ապրիլից սկսվում է ալերգիաների սրացման շրջանը, զգուշացնում է ալերգաբանը