5-6 տարի անց գիտության սարսափելի անկում կունենանք. Արթուր Իշխանյան

15:12 • 30.03.12

ԽՍՀՄ տարիներին Հայաստանն ուներ շուրջ 27 հազ. գիտնական, այժմ այդ թիվը 4.5 հազ. է: Այդ կտրուկ անկումը տեղի է ունեցել 1990-ական թվականներին, բայց վերջին տասնամյակում նույնպես գրանցվել է կայուն անկում` տարեկան միջինը 250 մարդ. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալները ներկայացրեց Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

«Եթե այսպես շարունակվի, մենք կանգնելու ենք վթարի առաջ: Մենք կարիք ունենք գիտությունը դարձնել գրավիչ և երիտասարդների ներհոսք ապահովել, իսկ դա հնարավոր չէ իրականացնել ֆինանսավորման այն պայմաններում, ինչը մենք ունենք»,- ասաց նա` հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` մենք գիտության ամենավատ ֆինանսավորում ունեցող երկրներից ենք:

Բանախոսի խոսքերով` գիտնականի միջին տարիքը ողջ աշխարհում մոտ 40 է, այն դեպքում, երբ Հայաստանում այն 2000 թ.-ին 48 էր, 2008 թ.-ին` 58 էր, իսկ հիմա՝ 60: «Սա նշանակում է, որ մեր գիտությունը երիտասարդության ներհոսք չունի: Երիտասարդները ասպիրանտուրայի պաշտպանությունից հետո կամ այլ ոլորտներ են գնում, կամ արտագաղթում են»,- ասաց նա:

Գիտնականի պնդմամբ` այս թիվը ահազանգող թիվ է, քանի որ նշանակում է, որ մի 5-6 տարի անց նրանք բոլորն անցնելու են թոշակի և մենք ունենալու ենք գիտության մակարդակի սարսափելի անկում:

Ա. Իշխանյանը հիշեցրեց, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձևավորվելիք խորհրդարանը լուծի ոլորտի ֆինանսավորման հարցն ու առհասարակ ոլորտի խնդիրները: Հակառակ դեպքում` Հայաստանում գիտությունը կշարունակի սլանալ դեպի անդունդ:

5-6 տարի անց գիտության սարսափելի անկում կունենանք. Արթուր Իշխանյան