Հայրերն իրենց որդիների հետ բավարար ժամանակ չեն անցկացնում. հետազոտություն
Միջին վիճակագրական տվյալներով հայրերն իրենց որդիների հետ օրվա ընթացքում անցկացնում են 56 րոպե, ընդ որում հայրերի մեծամասնությունը վստահ է, որ իրենց կապն ավելի ու ավելի է նվազում ֆինանսական խնդիրների և լարված աշխատանքի պատճառով:
Հայրերի 18 %-ն իրենց որդիների հետ անցկացնում են օրվա ընթացքում 15 րոպե կամ ավելի քիչ, 1/3-ը ստիպված է հեռախոսային զրույցների միջոցով կապ պահպանել երեխայի հետ, իսկ 20 %-ը շփվում է կարճ հաղորդագրությունների միջոցով:
Bandai ընկերության մասնագետները նշել են, որ հետազոտությանը մասնակցած հայրերի 84 %-ը ավելի շատ ժամանակ կցանկանային անցկացնել իրենց որդիների հետ, իսկ 79%-ը ցանկանում են ավելի ամուր կապեր ունենալ երեխայի հետ, միաժամանակ 44%-ն էլ խոստովանել են, որ չափազանց շատ են հոգնում աշխատանքի վայրում և այդ պատճառով չեն կարողանում նորմալ շփվել:
Երեխաների հետ ամուր կապ ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս միասին խաղեր խաղալ, սպորտով զբաղվել, կինո գնալ, գիրք կարդալ:
Հավելենք, որ հատկապես քիչ ժամանակ են անցկացնում երեխաների հետ երիտասարդ հայրիկները, գրում է The Daily Mail-ը:










