Ամենատարածված կանացի հիվանդությունը կանացի անխելքությունն է. բժիշկ
Հայաստանում կանանց մոտ 30 տոկոսը տառապում է առաջնային կամ երկրորդային անպտղությամբ, ասում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Ավանյանը։
Tert.am-ի հետ զրույցում բժիշկը այս վիճակագրությունը լրացրեց. «Կամ այն անպտղությամբ, որը համարենք՝ հղիությունը չպահպանելն է»:
Ի պատասխան հարցի, թե որո՞նք են ամենատարածված կանացի հիվանդությունները Հայաստանում, բժիշկ-գինեկոլոգը ասաց.«Կանացի անխելքությունը»:
Սա բնավ էլ ապրիլմեկյան կատակ չէ. Անդրանիկ Ավանյանը այս կերպ ուզում է ընդգծել, թե Հայաստանում կանայք որքան անտարբեր են իրենց վերարտադրողական և, առհասարակ, առողջության, նկատմամբ:
Այլ խոսքով՝ կանացի անխելքություն են համարվում «հիվանդության զարգացման ընթացքը, տևողությունը և բարդությունները», որոնք առաջանում են ժամանակին բժշկի չդիմելուց:
Այս վիճակի բացատրությունը, ըստ գինեկոլոգի, այն է, որ մեզանում չկա ավանդույթ՝ լուրջ ուշադրություն հատկացնել երիտասարդ աղջիկների՝ դեռահասության շրջանում ի հայտ եկած խնդիրներին, որոնք հասուն տարիքում զարգացող կանացի հիվանդությունների առաջին ազդանշաններն են:
Մյուս կողմից, բազմաթիվ կանայք բողոքում են ամիսներ ու տարիներ տևող, հաժախ՝ անարդյունք , բայց խիստ թանկ բուժումներից: Այս առումով ամենաբնորոշը «էնդոմետրիոզ» կոչվող, և ոչ այնքան լավ ուսումնասիրված գինեկոլոգիական հիվանդությունն է:
Քանի որ սովորաբար, կանացի այս հիվանդությանը ցուցվում է կա՛մ հակահորմոնալ թերապիա կա՛մ վիրահատական միջամտություն, շատ կանայք խուսափում են հակահորրմոնալ դեղահաբերից՝ վախենալով, որ բուժումն անարդյունք կանցնի, որին սակայն, կգումարվեն քաշի կտրուկ ավելացումն ու հորմոնների շատ տհաճ կոսմետոլոգիական հետևանքները:
Անդրանիկ Ավանյանը, որը մասնակցել է էնդոմետրիոզին նվիրված բազմաթիվ միջազգային սեմինարների, միանշանակ համաձայն չէ այս «թեզի» կողմնակիցների հետ: «Ճիշտ բուժումը միայն բերում է հիվանդի առողջացմանը»,- ասաց բժիշկ-գինեկոլոգը՝ համաձայնելով, որ այս հիվանդությունը պահանջում է տարիների բժշկական հսկողություն և բուժում:
Ավանդական բժշկության ներկայացուցիչը հանդուրժողական վերաբերմունք ունի խիստ տարածում գտած ոչ ավանդական բժշկության նկատմամբ՝ (խոտաբուժություն, ասեղնաբուժություն, հոմիոպատիա, ժողովրդական բժշկություն, բիոէներգիայով բուժում և այլն):
«Մեթոդ կա, որ վնաս չի տալիս, մեթոդ կա, որ օգուտ չի տալիս, մեթոդ էլ կա դե հիմա… ասենք ՝տատիկի աղոթք անելը»,- ասաց:
Անդրանիկ Ավանյանը կարծում է, որ հիվանդները իրենք պետք է ընտրություն կատարեն բուժման ավանդական և այլընտրանքային ձևերի բազմազանության մեջ, իսկ եթե վերջում էլի վերադառնան բժիշկների մոտ, ապա մաղթում է, որ հանդիպեն լավ բժշկի:










