Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է

17:50 • 01.04.12

Այսօր թռչունների Պահպանության միջազգային օրն։ Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1906թ. ապրիլի 1-ին:

Մասնագետները հաշվել են, որ 1600թ.-ից հետո թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայում էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը:

Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Բնապահպանները գտնում են, որ թռչունների համար լուրջ վտանգ են ոչ թե որսորդները, այլ երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար:

Խնդիր է նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը, այդ թվում ջրային տարածքներում նավթի արտահոսքը, որը շատ հաճախ կործանարար է լինում հատկապես ջրլող թռչունների համար:

Նշենք, որ Հայաստանում գրանցված է թռչունների մոտ 350 տեսակ, մասնագետների համոզմամբ, թռչունների 110 տեսակը երկրում վտանգված է:

 

Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է