Հայաստանի դպրոցներում կիրառվող դասագրքերը կդառնան էլեկտրոնային
ՎիվաՍել ընկերության աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իրականացնելու է հինգ ծրագիր: Այդ ծրագրերն են՝ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման և բուհերի վարկանիշավորման մեթոդաբանություն, Հայաստանի դպրոցներում կիրառվող դասագրքերի ամբողջական էլեկտրոնայինի վերածում, ՀՀ-ի տարածքում 107 ավագ դպրոցներում անլար ինտերնետի առկայության ապահովում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարար Արմեն Աշոտյանը անդրադառձավ այդ ծրագրերից յուրաքանչյուրին:
Նա մասնավորապես նշեց, որ բուհերի և դպրոցների վարկանիշավորման մեթադաբանությունը մշակելու համար Հայաստան են հրավիրվելու ոլորտի միջազգային բարձրակարգ մասնագետներ:
«Լավ դպրոցն ու վատ դպրոցը այսօր սուբյեկտիվ մակարդակով է որոշվում: Ամեն տարի պետք է մեր հասարակությունը իմանա, թե որ դպրոցներն են լավը, որը վատը: Հայտնաբերելու ենք թույլ դպրոցները և պահելու նախարարության ուշադրության տակ»,-ասաց նա և ավելացրեց, որ հասարակությունը այսուհետ նաև օբեկտիվ ինֆորմացիա կունենա, թե որ բուհերն են մատուցում որակյալ կրթություն:
Նախարար Աշոտյանը նաև նշեց, որ աշխարհում գոյություն ունի բուհի վարկանիշավորման տարբեր չափորոշիչներ: Հայաստանում հաշվի է առնվելու բուհերի ուսանողերի առաջիմությունը, քանակը, գիտական լաբարատորիաների առկայությունն ու քանակը և պրոֆեսորադասախասական կազմը և այլն:
Ինչ վերաբերում է Հայաստանի դպրոցներում կիրառվող դասագրքերի ամբողջական էլեկտրոնայինի վերածմանը, ապա Աշոտյանը նշեց, որ 230 անուն դասագրքեր հասանելի կլինեն և ներբեռնելու հնարավորություն կունենան: «Դրանով կլուծենք դասագրքերի մատչելիության խնդիրը»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ-ի տարածքում 107 ավագ դպրոցներում անլար ինտերնետի առկայության ապահովմանը, նախարարը նշեց, որ աշակերտները համացանցից կկարողանան օգտվել ոչ միայն ուսումնական նպատակով, այլ նաև ժամանցի համար:
«Դրանով մենք կբարձրացնենք աշակերտների հմտությունները ինտերնետից օգտվելու գործում: Պետք է նշել, որ կփակվեն անցանկալի կայքերից օգտվելու հնարավորությունը»,-ասաց նա:
Իսկ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին դեռևս կարող են մասնակցել միայն ՀՀ և ԼՂՀ քաղաքացիները, սակայն եթե ապագայում մրցույթը էլ ավելի ընդլայնվի կընդգրկվեն նաև արտասահմանցի ուսանողները: Մրցույթի կանոնակարգն ու ընթացակարգը դեռևս մշակման փուլում է:










