Հայաստանում վտանգված թռչունների տեսակները շատացել են. բնապահպան
Հայաստանի Կարմիր Գրքում գրանցված թռչունների քանակը բավական ընդլայնվել է՝ հասնելով 110 տեսակի, այս մասին թռչունների պաշտպանության օրվան նվիրված ասուլիսին այսօր ահազանգեց Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:
Ըստ մասնագետի՝ այսօր Հայաստանում կա 351տեսակ թռչուն: «Ընդամենը մի քանի տարի առաջ Կարմիր գրքում գրանցված էր 65 վտանգված տեսակներ, որն այսօր հասել է 110-ի: Իսկ դրա պատճառը մեր լանդշաֆտների, բնական միջավայրի փոփոխությունն է՝ ճանապարահշինություն, անտառահատումներ, ինչպես նաև ջրային տարածքների նվազումը»,-ասաց նա։
Ըստ Սիլվա Ադամյանի՝ եթե նախկինում տվյալ տեսակների թռչունը կայուն վիճակում բնադրվում էին, այսօր նրանց Հայստանում տեսնել դժվար է:
Նշենք, որ թռչունների պաշտպանության միջազգային օրը ապրիլի 1-ին է:
Էկոլոգիական դաշինքի համակարգողը թվարկեց վտանգված թռչուններից մի քանիսի անունները՝ գիշատիչ սափսան, ջրաճահճային մի քանի տեսակ, վարդագույն ֆլամինգո, սպիատակագլուխ անգղ, սև անգղ և այլն:
«Իսկ քանի որ գիշատիչների բնադրավայրերի կենսամիջավայրը փոփոխվում է, նրանք հեռանում են առավել հարմար միջավայր՝ հիմնականում Վրաստան»,-ասաց նա:
Սիլվա Ադամյանը նկատեց, որ բացի միջավայրի փոփոխությունից՝ թռչունների որոշ տեսակներ դուրս են բերվում Հայաստանից: Օրինակ՝ սափսանի տեսակը դուրս է բերվել հարևան Իրան 50. 000 ԱՄՆ դոլարով:
«Դրսում լուրջ շուկա է բացվել թռչունների դուրս բերման: Զարմանալի է, թե ինչպես է ստացվում, որ այդ թռչուններն անցկացվում են մաքսային կետերով»,- հարցրեց նա:
Սիլվա Ադամյանը այս ամենին զուգահեռ լավ նորություն նույնպես ուներ: Նրա խոսքով՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված թռչնատեսակները այստեղ ավելացել են: «Իհարկե լճի ճահճանալը լավ չէ, բայց ոչ թռչունների պարագայում»,- ասաց նա:










