Apple-ի համակարգիչներին սպառնացող վտանգավոր վիրուս է հայտնաբերվել
Հակավիրուսային F-Secure ընկերության փորձագետները վտանգավոր տրոյական Flashback ծրագրի մի տեսակ են հայտնաբերել, որը կարող է վարակել Mac համակարգիչները` տիրոջից աննկատ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում կատարելով ընկերության բլոգին:
Ցանկացած ծրագրային ապահովում տեղադրելու համար OS X համակարգը օգտատիրոջից հատուկ ադմինիստրատորի ծածկագրի ներմուծում է պահանջում: Նախկինում այդ միջոցառումը լրջորեն դժվարացնում էր հաքերների խնդիրը: Apple-ի համակարգիչների համար ստեղծված նախկին ծրագրերի մեծ մասը վարակման համար «սոցիալական ինժեներիայի» մեթոդն էր կիրառում, այսինքն՝ խաբեությամբ փորձում էին ստիպել, որ օգտատերը ինքնուրույն գրի հաքերային ծրագրի գործարկման համար անհրաժեշտ ծածկագիրը:
Ծրոգրի նոր տարբերակը կարող է համակարգչում ներբեռնվել և գործարկվել առանց ադմինիստրոտորի ծածկագրի: Տրոյական ծրագիրը հայտնվում է Mac-ի համակարգում վնասատու կայքի այցելության միջոցով:
Գործարկված տրոյական ծրագիրը կարող է հետևել օգտատիրոջ գործողություններին և դրանց մասին տեղեկություններ ուղարկել չարագործների սերվերին, ինչպես նաև համացանցից կարող է հավելյալ վնասատու ծրագրեր ներբեռնել:
F-Secure-ի փորձագետները պնդում են, որ «ինքավարակումը» հնարավոր է դարձել OS X-ի Java ծրագրավորման լեզվով հավելվածների գործարկման ծրագրային ապահովման խոցելիության պատճառով:
Փորձագետները նաև նշում են, որ իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ Apple-ը, որպես կանոն, յուրաքանչյուր նոր վնասատու ծրագրի մասին տեղեկությանը արագ չի արձագանքում, այլ սպասում է, որ դրանք բավականին քանակ կազմեն և այդ ժամանակ թողարկում է անվտանգության համակարգի թարմացումը:










