Ֆուտբոլն ինտելեկտների բախում է. հետազոտություն

14:23 • 05.04.12

Բարձր մակարդակի ֆուտբոլիստներն ունակ են ավելի արագ ու ճիշտ լուծել ի հայտ եկած խնդիրները, քան հասարակ մարդիկ: Մոլորակի կանանց ու տղամարդկանց միայն 2%-ը կարող է այս հարցում մրցել ֆուտբոլի առաջատար ակումբների մարզիկների հետ, վկայում են Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականների հետազոտության արդյունքները:

Շատերի համար այս սմարզաձևն ընդամենը ժամեր տևող պարապմունքներ են ու մկաններ: Սակայն շվեդ գիտնականները նշում են, որ գնդակով խաղն անմիջականորեն կապված է ուղեղի աշխատանքի հետ:

Մասնագետները կանանց ու տղամարդկանց առաջին ու բարձրագույն լիգայի թիմերի 57 ֆուտբոլիստների և սովորական մարդկանց առաջարկել են լրացնել հոգեբանական թեստեր, որտեղ նրանք պետք է արագորեն լուծեին ներկայացված խնդիրները: Արդյունքների համաձայն` մարզիկ-մարզուհիներն ավելի արագ ու ճիշտ են լուծել դրանք, քան սովորական մարդիկ:

Գիտնականները նաև պարզել են, որ դա առավել լավ է ստացվել ավելի շատ գոլ խփած մարզիկների մոտ:

Ըստ գիտնականների` խաղերի ժամանակ վայրկյանների ընթացքում մարզիկները ստիպված են արագ ու ճիշտ որոշումներ կայացնել, ինչն էլ «մարզում» է նրանց ուղեղը:

Հետազոտության արդյունքները հրատարակվել են PLoS One գիտական ամսագրի վերջին համարում:

Ֆուտբոլն ինտելեկտների բախում է. հետազոտություն