ԱՄՆ-ում ժամանակավորապես դադարեցվել են ատոմային անօդաչու սարքերի ստեղծման աշխատանքները
ԱՄՆ «Սանդի» ազգային լաբորատորիայի գիտնականները ժամանակավորապես դադարեցրել են նոր սերնդի` ատոմային էներգիայով աշխատող, անօդաչու թռչող ինքնաթիռների ստեղծման աշխատանքները, հաղորդում է The Guardian պարբերականը:
ԱՄՆ-ում մտավախություններ կան, որ համաշխարհային հանրությունը չի ընդունի նման վտանգավոր տեխնոլոգիայով անօդաչու ինքնաթիռների կիրառման գաղափարը, քանի որ միջուկային անօդաչուի կործանումը կարող է տարածաշրջանային չափերի աղետի հանգեցնել:
Նաև մտավախություններ են ծագել, որ անօդաչու սարքերում կիրառվող միջուկային տեխնոլոգիաները կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքերում:
Ատոմային օդային սարքերի կիրառումը ԱՄՆ ռազմական մեքենային հնարավորություն է տալիս` ժամանակակից անօդաչու սարքերին խոչընդոտող մի քանի խնդիր լուծել, որոնք են` թռիչքի անբավարար տևողությունը, սահմանափակ էլեկտրական հզորությունները և կապուղիների անբավարար թողունակությունը: Միջուկային ռեակտորով համալրված անօդաչու ինքնաթիռները զերծ կլինեն բոլոր այս խնդիրներից: Նման սարքերը կարող են ամիսներ շարունակ, անդադար օդում գտնվել, պնդում են գիտնականները:










