Կոտրել են Hayeli.am կայքը. եթե հարձակումը «ներքին» է, կդիմեն Ոստիկանություն
Այսօր կայքահենները կոտրել են Hayeli.am կայքը: Կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը Tert.am–ին հայտնեց, որ երեկ էլ կոտրել էին կայքի գաղտնագիրը, որը որոշ ժամանակ անց վերականգնվել էր:
Այսօր մինչև կեսօր կայքի տեխնիկական անձնակազմը պետք է պարզի՝ հարձակումը դրսի՞ց է, թե ներսից: Եթե պարզվի, որ ներքին հարձակում է, ապա Անժելա Թովմասյանը կդիմի Ոստիկանություն:
«Դրսի վրա մի քիչ կասկածում եմ, բայց ամեն դեպքում, ինձ ասել են, որ հնարավոր է՝ ընդհանուր հարձակում լինի, և թույլ պաշտպանական շերտեր ունեցող կայքերը շարքից դուրս գան»,- հավելեց Անժելա Թովմասյանը:
Ինչ վերաբերում է ներքին հարձակման վարկածին, ապա Անժելա Թովմասյանն այս պահին չի կասկածում կոնկրետ որևէ մեկին: Միայն ասաց, որ վերջին շրջանում կայքում տպագրված նյութերի հետքերով ամեն օր մեկական զանգ է ստացել, որով դժգոհություն է հայտնվել նյութի բովանդակության կապակցությամբ: Իսկ զանգերը եղել են ինչպես քաղաքացիներից, այնպես էլ գերատեսչություններից ու մասնավոր կազմակերպություններից:










