6-րդ սերնդի iPhone-ը կլինի մեկ ամբողջական ալյումինե կտորից

23:58 • 09.04.12

Apple ընկերությունը նոր մոդելի iPhone կհամալրի մինչև 4 դույմ էկրանով և ալյումինի ամբողջական թիթեղից պատրաստված իրանով, հաղորդում է Apple Insider կայքը՝ հղում կատարելով Topeka Capital Markets ընկերության վերլուծաբան Բրայեն Ջ. Ուայթին (Brian J. White):

Վերլուծաբանը նման եզրահանգման է եկել Չինաստանում և Թայվանում Apple ընկերության գործարաններն այցելության արդյունքում: Ուայթին կարծում է, որ iPhone-ի նոր մոդելի դետալների արտադրությունը կսկսվի արդեն հունիսից, իսկ սարքը շուկայում կհայտնվի սեպտեմբերին:

Չնայած նրան, որ այլ աղբյուրներ պնդում են, թե նոր iPhone-ի էկրանի չափը չի փոխվի, Ուայթին համոզված է, որ այս անգամ այն կմեծանա և 3.5 դույմի փոխարեն կդառնա 4 դույմ: Նա նաև համոզված է, որ 6-րդ սերնդի iPhone-ը նոր ձևավորում կունենա: Դա կարվի շնորհիվ նոր իրանի, որը կպատրաստվի ալյումինի ամբողջական թիթեղից:

Apple-ի արտադրական շարքում առաջին անգամ նման իրանով արտադրվել է MacBook Pro նոութբուքը` մի քանի տարի առաջ:

 

6-րդ սերնդի iPhone-ը կլինի մեկ ամբողջական ալյումինե կտորից