Microsoft-ը AOL-ից 1,1 մլրդ-ի պատենտներ կգնի
Microsoft ընկերությունը AOL ամերիկյան մեդիաընկերությունից ավելի քան 800 տեխնոլոգիական պատենտ կգնի`մոտ 1,1 մլրդ դոլարով, տեղեկացնում է Guardian-ը:
Ըստ լրատվամիջոցի տվյալների` դժգոհ բաժնետերերը ճնշումների են ենթարկել AOL-ի գործադիր տնօրեն Թիմ Արմսթրոնգին: Նրանք բողոքում են, որ Արմսթրոնգը ընկերության ուշադրությունը կենտրոնացրել է առցանց ԶԼՄ-ների վրա, ինչպիսին է Huffington Post-ը, որն անցած տարի ձեռք էր բերվել 315 մլն դոլարով: Արմսթրոնգի համար նոր գործարքը կարող է փրկարար օղակ լինել:
AOL-ը ակնթարթային հաղորդագրությունների, առցանց չաթի և էլեկտրոնային նամակագրության, առցանց ԶԼՄ-ների, որոնման և բրոուզերների հետ կապված պատենտներ ունի:
Պատենտներն ավելի ու ավելի մեծ պահանջարկ ունեցող ունեցվածք են դառնում ընկերությունների` սմարթֆոնների, սոցցանցերի և «տաբլեթ»-ային համակարգիչների ասպարեզում մղած տեխնոլոգիական պատերազմների ֆոնին:
Առայժմ ամենամեծ գործարքի մասին հայտնել է Google-ը, որը 12,5 մլրդ-ով պետք է գնի Motorola Mobilities-ի պատենտները:










