Իսրայելցի գիտնականները միջատներին կվերածեն ռազմական կենսառոբոտների (տեսանյութ)
Հայֆայի Տեխնիոն համալսարանի աէրոդինամիկ լաբորատորիայի աշխատակիցներն աշխատում են մի նախագծի վրա, որով նախատեսվում է հսկել տարբեր տեսակի միջատների շարժը: Նախագծի նպատակը ճանճերին, ծղրիդներին ու ճպուռներին կենսառոբոտների վերածելն է, որոնք ունակ կլինեն մարտական առաջադրանքներ կատարել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Այս հետազոտությունը, ԱՄՆ ռազմական լաբորատորիաներում նույնանման փորձարկումների հետ մեկտեղ, կարող է ռազմական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում նոր փուլի մասին ազդարարել, որը թույլ կտա հրաժարվել տարբեր տեսակի միջատների, միկրոինքնաթիռների ու միկրոուղղաթիռների նմանակների ստեղծումից:
Նախագծի հեղինակ, պրոֆեսոր Դանիել Վայխսը նշել է, որ միջատի չափերի միկրոինքնաթիռ ստեղծելու համար անհրաժեշտ են մոնիթորինգի ու հսկման բարդ համակարգեր, թռիչքի համար անհրաժեշտ է նաև էներգիայի աղբյուր:
Նա չի ներկայացրել բոլոր մանրամասները` նշելով, որ նախագծում, բացի իրենից, ներգրավված են դոկտոր Գալ Ռիբակն ու Թել Ավիվի համալսարանի մի խումբ գիտնականներ:
Վայխսի աէրոդինամիկ լաբորատորիան նման չէ աշխարհի ոչ մի նմանատիպ լաբորատորիայի: Այնտեղ չես գտնի ինքնաթիռային սարքավորումների և ոչ մի նմուշ: Դրա փոխարեն, այն լցված է մեղուներով, ճանճերով, ճպուռներով ու ծղրիդներով լի ակվարիումներով ու արկղերով:
Սկզբում գիտնականները հետազոտել են միջատների` թռիչքի հետ կապված բոլոր շարժումները: Այս նպատակով սիմուլյատորում տեղադրվել է 2 տեսախցիկ, որոնք տեսագրել են թռչող միջատի մկանների շարժը, իսկ միջատի մարմնի տարբեր մասերում փոխպատվաստված սենսորներն էլեկտրական ազդանշաններ են փոխանցել:
Սա թույլ է տվել գիտնականներին որսալ թռիչքի հետ կապված բոլոր իմպուլսները, ինչն էլ կօգնի գիտնականներին միջատի մկաններին ազդանշաններ ուղարկել և ստիպել նրանց շարժվել ցանկալի ուղղությամբ:










