Եվրոպայում կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում

12:12 • 10.04.12

Եվրոպական 53 երկրներում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը ավելի քան 72 տարի է, իսկ կանանցը` մոտ 80, այս տվյալները Առողջության համաշխարհային օրվան նվիրված համաժողովի ժամանակ այսօր ներկայացրեց «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում նվազում է ծնելիությունը և բնակչության ընդհանուր թիվը աստիճանաբար նվազում է։
Միևնույն ժամանակ, ըստ կանխատեսումների, 2010-2050 թվականների ընթացքում 65 տարեկան մարդկանց թիվը կկրկնապատկվի։

«Այս միտումներն առանցքային նշանակություն ունեն անհատների և ամբողջ հասարակության համար: Այդ իսկ պատճառով ողջ եվրոպական տարածաշրջանում բնակչության ծերությունը համարվում է գերակա խնդիր: Քանի որ ծերությունը համարվում է գերակա խնդիր, ուստի նրանց առողջության պահպանումն էլ համարվում է գերակա, և դրան միտված մի շարք քայլեր են ձեռնարկվում ողջ եվրոպայով մեկ»,- ասաց Գայանե Ղուկասյանը:

Ըստ նրա՝ առողջ ծերությանը նպաստող մի շարք ռազմավարություններ են մշակվել. նվազեցնել ծերերի վայր ընկնելու ռիսկերը, խթանել մեծահասակների ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունների ավելացմանը, գրիպի դեմ պատվաստումները և բժշկական հաստատություններում վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, և այլն:

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն իր ելույթում նշեց, որ տարեցների մեծ մասը մահանում են արյան շրջանառության հիվանդությունների հետևանքով։ Դրանց հաջորդում են չարորակ ուռուցքներն ու սրտանոթային հիվանդությունները:

Նշենք, որ 2012 թվականին լրանում է ՄԱԿ-ի բնակչության ծերացման վերաբերյալ գործողությունների՝ մադրիդյան միջազգային ծրագրի տասնամյակը: Բացի այդ, Եվրամիությունն այս տարին հռչակել է ակտիվ ծերության և սերունդների համերաշխության եվրոպական տարի:

Եվրոպայում կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում