Apple-ի նոր արտադրանքի դիզայնը վստահվել է հայտնի դիզայներ Ֆիլիպ Ստարքին
Apple ընկերությունը մինչև տարեվերջ նոր՝ «հեղափոխական» արտադրանք կթողարկի, որի նախագծման վրա տարվող աշխատանքներին մասնակցում է հայտնի ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Ստարքը, հաղորդում է Apple Insider կայքը՝ հղում կատարելով դիզայների հետ հարցազրույցին:
Ստարքը նախագծի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել՝ դա բացատրելով «գաղտնիության կրոնական ծիսակարգով», որը Apple-ի «կրոնական» պրակտիկան է: Սակայն նա նշել է, որ նորույթը շուկայում կհայտնվի առաջիկա 8 ամիսներին:
Ստարքի խոսքով, ինքը Սթիվ Ջոբսի հետ պարբերական շփումներ է ունեցել: Այդ հանդիպումները տեղի են ունեցել ամիսը մոտ մեկ անգամ՝ 7 տարի շարունակ, մինչև Ջոբսի մահը:
Սարքը, որի մասին խոսում է Ստարքը, կարող է լինել Apple ապրանքանիշի ներքո նախապատրաստվող գերժամանակակից հեռուստացույցը, որը, ըստ վերլուծաբանների, iPanel կկոչվի և մոտ 1.25 հազար դոլար կարժենա:
iPanel-ի վաճառքն էլ ավելի կխթանի ընկերության այլ արտադրանքների նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ նոր մարդկանց կծանոթացնի ընկերության կողմից զարգացվող «էկոհամակարգին»:










