Գիտնականներն 99%-ով համոզված են Մարսի վրա կյանքի գոյությանը. հետազոտություն

18:27 • 13.04.12

Իտալիայի Սիենայի համալսարանի և Կալիֆորնիայի Կեք ինստիտուտի գիտնականները կրկնակի ուսումնասիրության ենթարկելով 1976թ.-ին Վիկինգ 1 տիեզերական սարքի`Մարսից բերված հողի նմուշները, եզրակացրել են, որ Կարմիր մոլորակի վրա կյանք կա, գրում է Daily Mail-ը:

30 տարի առաջ «Վիկինգ 1» սարքին հաջողվել էր գտնել ոչ երկրային միկրոբների նմուշներ Մարսի մակերևույթից վերցված հողում և այժմ պարզվում է, որ դրա մեջ եղած աղերը վկայում են մոլորակի վրա միկրոբային կյանքի գոյության մասին:

Այդ նմուշների վերանայումը պայմանավորված էր 2008թ.-ին Մարսի հողում պերքլորիտի հայտնագործմամբ:

ՆԱՍԱ-ի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Քրիստոֆեր ՄըքՔեյը Discovery News-ին տված հարցազրույցում նշել է. «Օրգանական մարմինները հայտնաբերելու փաստը դեռ բավարար չէ կյանքի գոյության մասին հայտարարելու համար: Մարսի վրա կյանքի վերջնական ապացույցը ստանալու համար մոլորակ պետք է ուղարկվի հատուկ տեսագրող մանրադիտակ` բակտերիաները շարժման մեջ տեսագրելու համար: Սակայն ցայսօր կատարված հետազոտությունների վրա հիմնվելով կարելի է 99 %-ով ասել,որ Կարմիր մոլորակի վրա կյանք գոյություն ունի»:

Նոյեմբերին նախատեսվում է 2.5 մլրդ դոլար արժողությամբ և 10 գիտական գործիքներով «զինված» Curiosity միջուկային սարքի արձակումը դեպի Մարս, որը կփորձի պարզել, արդյոք մոլորակի կենսապայմանները բարենպաստ են կյանքի համար:
 

Գիտնականներն 99%-ով համոզված են Մարսի վրա կյանքի գոյությանը. հետազոտություն