Աստղերը հուշում են ՝ընտրություններից հետո կքանդվի հինը և կկառուցվի նորը. աստղաբան-էզոթերիկ
Հասարակության շրջանում տոներն ու ընտրություններն առաջացնում են մասսայական լարվածություն, ինչը հաճախ վերածվում է դեպրեսիայի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան-էզոթերիկ, պարահոգեբան Գուրգեն Հովհաննիսյանը:
Պարահոգեբանը, որպես սթրեսից ազատվելու լավագույն միջոց առաջարկում է, պարզապես, կարևորություն չտալ դրանց և դրանք չկապել կենսակերպի հետ: « Տոներին և կամ ընտրություններին պետք է վերաբերվել ոչ լավ, ոչ վատ, այլ որպես բնականոն երևույթ»,- ասաց Հովհաննիսյանը:
Չնայած աստղաբան-էզոթերիկը ոչ սոցիոլոգ է, ոչ էլ քաղաքական վերլուծաբան, սակայն «նոստրադամուսյան ոճով» փորձեց կանխատեսումներ անել առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ նշելով, թե մայիսի 6-ին կլինի հանդարտ փոփոխություն: «Ճիշտ օր է ընտրված: Տիեզերական ուժերը ներկայացված են Վեներայի ազդեցության տակ, որը թույլ է տալիս ենթադրել, որ կլինի հանդարտ փոփոխություն, այսինքն՝ քանդել հինը և կառուցել նորը»,-ասաց նա:
Գուրգեն Հովհաննիսյանը նկատում է, թե հենց այդ ուժերի ազդեցության տակ ընտրության օրը, արդեն իսկ կողմնորոշված քաղաքացին, կարող է գնալ ընտրատեղամաս և 5-10 րոպեում մտափոխվել ու կատարել բոլորովին այլ ընտրություն:
Պարահոգեբանը ակտիվ քարոզչական գործունեություն ծավալելու համար նպաստավոր ժամանակաշրջան է համարում մինչև ապրիլի 19-ը, իսկ դրանից հետո նա քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս՝ վարել ավելի կայուն, հանդարտ և ներդաշանակ քարոզարշավ:
Թե ի՞նչ են հուշում աստղերը քաղաքական ուժերի հնարավոր վերադասավորումների մասին, աստղաբանը չներկայացրեց, փոխարենը նկատեց, որ և ընդդիումությունը, և իշխանությունը ներկայացված կլինեն խորհրդարանում, իսկ թե ինչ չափաբաժնով, դա հստակ ասել չի կարող:










