Ինտերնետի ազատությանը «ոսկյա ճաղավանդակներ» են սպառնում. The Guardian

12:43 • 16.04.12

Երեսուն տարի առաջ ինտերնետի ստեղծման հիմքում ընկած կարևոր ու հիմնական սկզբունքները` թափանցիկությունն ու համընդհանուր հասանելիությունը, այսօր մեծ վտանգի տակ են, բրիտանական The Guardian-ի հետ զրույցում ասել է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը:

Նա նախազգուշացրել է շատ ազդեցիկ ուժերի մասին, որոնք «խոչընդոտում են ինտերնետի ազատությանը»:

«Ես անհանգստացած եմ` ինչպես երբեք: Սա վախենալու է»,- ասել է նա:

38-ամյա միլիարդատիրոջ վստահեցմամբ` ինտերնետի ազատության թիվ մեկ «թշնամին» պետություններն են, որոնք առավել ակտիվորեն փորձում են հսկել իրենց քաղաքացիների շփումները: «Թշնամիներ» են նաև ժամանցային արդյունաբերությունները, որոնք պայքարում են ծովահենության դեմ, ինչպես նաև Facebook-ն ու Apple-ը, որոնք սահմանափակ հասանելիությամբ «ոսկյա ճաղավանդակներ» են ստեղծում` խստորեն հետևելով իրենց պլատֆորմերի վրա տեղադրվելու թույլտվություն ստացած ծրագրերին ու հավելվածներին:

Բրինը, ում ընտանիքը Խորհրդային միությունից փախել էր հակասեմիթիզմի պատճառով, համարվում է 2010թ.-ին Չինաստանից Google-ի մասամբ դուրսբերման հիմնական նախաձեռնողներից մեկը: Նա պնդում է, որ դեռ 5 տարի առաջ չէր էլ կարծի, որ Չինաստանը կամ այլ երկիր կարող են երկար ժամանակով սահմանափակել ինտերնետի գործունեությունը, սակայն ժամանակն ապացուցել է, որ նա սխալվել է:

«Ես մտածում էի, որ ջինին ետ` շշի մեջ մտցնելն անհնար է, սակայն այժմ որոշ տեղերում դա լավ էլ արել են»,- ասել է նա:

Նրան առավել շատ անհանգստացնում են ինտերնետը սահմանափակելու Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Իրանի փորձերը:

Ինտերնետի ազատությանը «ոսկյա ճաղավանդակներ» են սպառնում. The Guardian