Հնդկաստանը սեփական ուղևորատար օդանավ կունենա

10:53 • 16.04.12

Հնդկաստանը սկսել է սեփական արտադրության 90-տեղանոց ուղևորատար օդանավի կառուցման աշխատանքները, գրում է Times of India-ն` վկայակոչելով երկրի Գիտական ու արտադրական հետազոտությունների խորհրդին:

Խորհրդի համաձայն` օդանավն օժտված կլինի «վառելիքի սպառման բարձր արդյունավետությամբ և շրջակա միջավայր ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակ ունեցող կենսավառելիքի օգտագործման հնարավորությամբ»: Բացի այդ, ինքնաթիռը կհամալրվի գերժամանակակից ավիացիոն էլեկտրոնային սարքավորումներով:

Ինքնաթիռի կառուցման համար, որը կստանա Ազգային քաղաքացիական օդանավ (National Civil Aircraft, NCA-90) անունը, արդեն ստեղծվել է կոնստրուկտորական բյուրո: Ակնկալվում է, որ խորհուրդն Ազգային աէրոտիեզերական լաբորատորիայի հետ կստեղծի NCA-90-ի 7 տարբերակ:

Օդանավի կառուցման համար կծախսվի 43.5 մլրդ հնդկական ռուփի (մոտ 871 մլն դոլար):

Հնդկաստանը սեփական ուղևորատար օդանավ կունենա