Apple ընկերության բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցում
Երկուշաբթի, Apple ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 4%-ով, որը անընդհատ նվազման թվով հինգերորդ օրն է: Այդ օրերի ընթացքում աշխարհի խոշորագույն տեղխնոլոգիական ընկերության կապտիալիզացիան նվազել է ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 9,9%-ով, ապրիլի 10-ին գրանցված` 600,45 մլրդ դոլար գագաթնակետից:
Դեռևս գրանցված անկումը բնորոշվում է, որպես բուռն վերելքին հետևած շտկում, սակայն շատ ներդրողներ արդեն մտահոգվում են, թե արդյոք նրանք ներկայում ընկերության պատմության մեջ արժեթղթերի ռեկորդային անկման ականատես չեն, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը:
Գումարը, որով նվազել է Apple-ի շուկայական գինը, համադրելի է երբեմնի խոշորագույն տեխնոլոգիական ընկերության` Hewlett-Packard-ի ($48 մլրդ) կապիտալիզացիայի հետ:
«Ահա թե ինչ է սպասվում շուկայում, երբ Apple-ի մասշտաբի ընկերությունը, նույնիսկ մի փոքր սայթաքում է իր ճանապարհին: Մենք բոլորս սա պետք է լավ հասկանանք և հետագայի համար հիշենք», - հայտարարել է Federated Investors ներդրումային հիմնադրամի ռազմավար, 370 մլրդ դոլար ակտիվներ կառավարող Ֆիլ Օրլանդոն:
Փորձագետները հստակ պատասխան չունեն, թե ինչն է Apple-ի արժեթղթերի նման անկման հանգեցրել: Դա կարող է լինել և 200 դոլար արժողությամբ iPad Mini-ի արտադրության վերաբերյալ լուրերը, որը կարող է խաթարել «մեծ» iPad 3-ի վաճառքները: Կամ ԱՄՆ արդարադատության նախարարության մեղադրանքները, թե Apple գնային համաձայնագիր է կնքել մի շարք հրատարակչությունների հետ, որի պատճառով տուգանքներ են սպառնում, ինչպես նաև ԱՄՆ շուկայում ընկերության խոշորագույն գործընկեր` Verizon Wireless ընկերության մտադրությունները, որը ցանկանում է սահմանափակել iPhone-ի և iPad-ի սուբսիդավորումը, մեկ մատակարարից կախվածությունը նվազեցնելու նպատակով:










