Արյան թեստի միջոցով կարելի է ախտորոշել ընկճախտը. հետազոտություն

11:04 • 18.04.12

Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականների նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկճախտով տառապող տարդկանց արյան բաղադրությունը զգալի տարբերվում է առողջ մարդկանց արյան բաղադրությունից, գրում է The Los Angeles Times-ը:

«Ընկճախտավորների» արյան մեջ առկա են որոշակի «կենսաբանական մարկերներ»` մոլեկուլներ, որոնց առկայությունն օրգանիզմում վկայում է հիվանդության կամ վարակի մասին, որոնք բացակայում են առողջների մոտ:

Այս ուշագրավ փաստը թույլ է տալիս ենթադրել, որ այսուհետ արյան սովորական թեստի միջոցով կարելի է պարզել, թե արդյոք տվյալ անձնավորության մոտ առկա է դեպրեսիա, թե ոչ:

Ընկճախտի ախտորոշման նման արդյունավետ մեթոդի բացահայտումը անչափ կարևոր է, քանի որ այս հիվանդությունը համարվում է հոգեբանական խանգարումներից ամենաբարդ ախտորոշվողներից մեկը:

Գիտնականները երկար ժամանակ փորձել են գտնել դեպրեսիայի ախտորոշման այնպիսի հեշտ և հուսալի մեթոդ, ինչպես օրինակ սրտանոթային հիվանդությունների, շաքարաախտի և քաղցկեղի ախտորոշման մեթոդներն են:

Ուսումնասիրությունը սկզբից կատարվել է մկների վրա, այնուհետև դրական արդյունքներ ստանալով, գիտնականները որոշել են այն փորձարկել դեռահասների վրա:
Այս բացահայտումն առավել օգտակար կլինի հենց դեռահասների համար, ովքեր ամենաշատ են տառապում ընկճախտով:

Մեթոդն արդեն արժանացել է այլ հոգեբանների հավանությանը: 

Արյան թեստի միջոցով կարելի է ախտորոշել ընկճախտը. հետազոտություն