Ֆիզիկոսը երթևեկության կանոնների խախտման տուգանքից խուսափել է գիտական աշխատանքով

12:25 • 18.04.12

Կալիֆորնիայի համալսարանից ֆիզիկոս Դմիտրի Կրյուկովին հաջողվել է խուսափել երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված 400 դոլար տուգանքից` դեպքի մասին 4-էջանոց գիտական հաշվետվության շնորհիվ, հայտնում է International Business Times-ը:

 

Գիտնականը դատարան էր կանչվել Stop նշանի մոտ չարգելակելու համար:

 

«Անմեղության ապացույց» կոչվող փաստաթղթում ֆիզիկոսը գրաֆիկներ ու սխեմաներ է գծել, որտեղ բացատրել է երթևեկության անկյունային ու գծային արագությունների տարբերությունը:

 

Ըստ գիտնականի` մինչ իրեն տուգանք գրելը, հարևան նրբանցքում մեկ այլ մեքենա է հայտնվել, որը խանգարել է ոստիկաններին ճիշտ գնահատել իր գործողությունները: Կրյուկովի խոսքով` նա տեսականորեն կարող էր արգելակել նշանի մոտ, և մինչ ոստիկանը տարված էր այլ մեքենայով, կրկին արագություն հավաքել ու շարունակել ճանապարհը:

 

Դատարանը Կրյուկովի ներկայացրածը բավարար է համարել մեղադրանքը հանելու համար: Եթե նրա մեղքն ապացուցվեր, գիտնականը պետք է վճարեր 400 դոլար տուգանք:

 

Դատական գործընթացից հետո, Կրյուկովը հաշվետվությունը տեղադրել է համացանցում, որպեսզի բոլոր ցանկացողներն իր «անմեղության ապացույցում» փորձեն սխալներ գտնել:

Ֆիզիկոսը երթևեկության կանոնների խախտման տուգանքից խուսափել է գիտական աշխատանքով