Պետական տուրքերը, հարկերը, տուգանքներն արդեն կարելի է վճարել ինտերնետով

15:50 • 19.04.12

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել, ըստ որի, այսուհետ բոլոր նրանք, ովքեր ունեն «ԱրՔա», «ԱրՔա» վիրտուալ և «Մաստեր» վճարային քարտեր կարող են պետական բոլոր հարկերը, տուրքերն ու տուգանքները վճարել ինտերնետի միջոցով։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագիրը կկիրարկվի 10 օր հետո:


«Նման միջոցով վճարումներ իրականացնելիս՝ միջնորդավճարները էականորեն նվազելու են: Եթե բանկերում վճարումներ իրականացնելիս 1000-10.000 դրամ վճարում անելիս 100-200 դրամ պահում էր լինում, ապա այստեղ դրանք շատ փոքր են և կախված են լինելու գանձվող գումարի չափից: Օրինակ՝ 2000-3000 դրամ մուծում իրականացնելիս միջնորդավճարը կկազմի 8-10 դրամ»,- ասաց Դավիթ Սարգսյանը:


Էլեկտրոնային վճարումներ իրականացնելիս անդորրագիրը կուղարկվի վճարողի կողմից նշված էլոկտրանային փոստին:
Հարցին, թե արդյոք «Արքա» քարտով հնարավոր կլինի լիարժեքորեն իրականացնել այս ծառայությունը, քանի որ այն ոչ միշտ է լավ գործում, Դավիթ Սարգսյանը պատասխանեց հարցով՝ «Դուք ունե՞ք այլընտրանք»:


Այնուհետև, շարունակելով խոսքը, նա նշեց, որ իր տեղեկություններով «ԱրՔա» համակարգը վերազինման գործընթացում է: «Առաջիկայում վերազինման գործընթացը կավարտի, բայց չեմ կարծում, որ խնդիրներ կառաջացնի վճարողների համար: Համակարգը իրականում բաց է և եթե այլ տեսակի քարտ կընդունի համակարգը, ապա հնարավոր կլինի վճարումներ անել»,-ասաց նա:

Պետական տուրքերը, հարկերը, տուգանքներն արդեն կարելի է վճարել ինտերնետով