Մսի օգտագործումը կարևոր դեր է ունեցել մարդկային էվոլուցիայում
Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են,որ նախամարդկանց ճաշացանկում մսի պարտադիր ներառումը նպաստել է նրանց արագ տարածմանն աշխարհով մեկ և լուրջ ազդեցություն է ունեցել մարդկային էվոլուցիայի հարցում, գրում է Daily Mail-ը:
Հետազոտության ընթացքում գիտնակնները համեմատել են 67 տեսակի կաթնասունների, այդ թվում մարդկանց, կապիկների, մկների և կետերի: Պարզվել է, որ կաթնասունների` միս ուտելու և մայրական կաթից հրաժարվելու միջև ուղիղ կապ կա: Կաթնասունների բոլոր տեսակների ձագերը դադարել են կաթ ուտել, երբ նրանց ուղեղը հասել է զարգացման որոշակի փուլի և, ի տարբերություն խոտակերների, կաթնասուններն այդ փուլին ավելի արագ են հասել` շնորհիվ մսի ամենօրյա օգտագործման:
Հետազոտության ղեկավար Էլիա Պսոնին նշել է.«Մսի օգտագործումը կրճատում էր կրծքով կերակրելու ժամանակահատվածը, հնարավորություն տալով կանանց, ավելի շուտ հղիանալ և այդպիսով նպաստել մարդկային ցեղի տարածմանը:»
Սակայն, մասնագետները շեշտում են, որ մսի օգտագործման վերաբերյալ այս ուշագրավ բացահայտումը վերաբերում է բացառապես նախամարդկանց և որևէ կապ չունի ժամանակակից մարդկանց ճաշացուցակի հետ:










