Բերլուսկոնին խոստովանել է, որ վճարում է իր սկանդալային երեկույթներին մասնակցած աղջիկներին

23:29 • 20.04.12

Իտալիայի կառավարության նախկին ղեկավար, մուլտիմիլիոնատեր Սիլվիո Բերլուսկոնին, ով ուրբաթ մասնակցել է Միլանում անցնող` «Ռուբիի գործ» կոչված, սկանդայային դատավարությանը, խոստովանել է, որ վճարում է այն աղջիկներին, որոնք մասնակցել են իր սկանդալային երեկույթներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

75-ամյա Բեռլուսկոնին «Ռուբիի գործ» կոչված դատավարության շրջանակում մեղադրվում է 17 տարեկան անչափահաս աղջկա` ծագումով Մարոկոյից Քարիմե էլ-Մահրուգի` Ռուբիի հետ սեռական հարաբերություն ունենալու և դրա դիմաց վճարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքը օգտագործելու մեջ, երբ գողության համար ձերբակալված Ռուբիին ոստիկանությունից ազատելու հրահանգ է տվել:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել, որ Իտալիայի նախկին վարչապետը զգալի գումարներ է փոխանցել սկանդալային երեկույթների մասնակից որոշ կանանց հաշիվներին, որոնք գործով որպես վկա են անցնում:

«Այո, ես պահում եմ այդ աղջիկներին, քանի որ նրանց կյանքը խաթարվել է այդ դատավարության պատճառով: Նրանք կորցրել են աշխատանքը և նշանածներին, և հնարավոր է, որ երբեք դա չեն ունենա: Ես իմ պատասխանատվությունն եմ զգում, քանի որ նրանց միակ մեղքը նրանում է, որ ընդունել են վարչապետի տանը ընթրելու հրավերը», - հայտարարել է Բերլուսկոնին:

Իսկ դատավարությունը նա անվանել է զրպարտանքի հսկայական մեդիա գործողություն և դժգոհություն է հայտնել, որ դրա անցկացման համար պետական միջոցներն են վատնվում: