Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ հանրահավաքը

19:25 • 20.04.12

Լուսանկարը` Panarmenian-ի (արխիվ)

 

«Ո՜չ ֆաշիզմին, և պայքար, պայքար մինչև հաղթանակ», «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին», «Այսպես ոչ թե սիրում են, այլ ատում են», -նման հայտարարություններ հնչեցին քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում սկսված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին, որը նախընտրական քարոզարշավի շրջանակում է:


Հանրահավաքը սկսվեց կես ժամ ուշացումով , քանի որ պարզվեց, որ հանրահավաքի անցկացման պահին հոսանք չկա: Այսօր ընդդիմությունը ելույթ է ունենում Ազատության ոչ թե հայտնի հարթակում, այլ ավելի փոքր բեմի վրա: Բանն այն է, որ ապրիլի 22-ին Ազատության հրապարակի հարթակում պետք է կայանան աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելիի համերգի նախապատրաստական աշխատանքները, և Բոչելլի բեմում արդեն ընթանում են լույսերի տեղադրման աշխատանքները:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանումից հետո, ում դիմավորեցին «Լե-վոն»,«Լե-վոն» և «Սեր-ժիկ, հեռացիր» վանկարկումներով, հանրահավաքը սկսվեց:


Նախ հանրահավաքը վարող Արամ Մանուկյանն ամփոփեց քարոզարշավի տասնօրյակում հանրապետության տարբեր բնակավայրերում իրենց հանդիպումների արդյունքները: Եղել են շատ լավ, ոգևորիչ հանրահավաքներ, բայց եղել են նաև այնպիսինները, որոնք փորձել են խոչընդոտել իշխանության «հրաշալի հերոսները», «հրաշալի գեներալները», ինչպես օրինակ՝ Էջմիածնում: Արամ Մանուկյանը հավելեց, որ այս ամենի դեմն առնելու փոխարեն ՀՀ ոստիկանությւոնն իր ողջ «էներգիան», մարդկային ռեսուրսներն ուղղել է ՀԱԿ-ի դեմ, որը հայտարարված է իշխանության թիվ մեկ թշնամի:
Ապա ելույթներով հանդես եկան հանրապետության շուրջ 40 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ-ի պաշտպանած թիվ 1 և 2-րդ ընտրատարածքների թեկնածուները:

 

Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված լրագրող Գայանե Առուստամյանը հայտարարեց, որ Հայաստանում տիրում է ֆաշիստական ռեժիմ՝ ֆաշիստական հայտնի կարգախոսներին շատ նման կարգախոսներով, որոնցից մեկն էլ «Մեկ ազգ, մեկ մշակույթն , մեկ ֆյուրերն » է, որոնցից շատ նման կարգախոսներ այսօր ամենուր փակցված են երևանյան բակերում ու փողոցներում:


« Բայց Սերժ Սարգսյանի ֆաշիզմը դասականի ծաղրանկարն է, վկա՝ Խաչիկ Ասրյանը»,-հայտարարեց Գայանե Առուստամյանը: Թեկնածուի խոսքով, ֆաշիստական ռեժիմիզմ ազատվելու և Հայաստանի ժողովրդին պատերազմ հայտարարած ՀՀԿ-ից ազատվելու միակ միջոցը մայիսի 6-ի քվեարկությունն է:


Թեկնածուն նաև նշեց, որ խորացող աղքատությունը հանգեցրել է նրան, որ մարդիկ փախչում են Հայաստանից, իսկ ովքեր էլ չեն փախչում, ոչնչանում են բարոյապես, նետվում են պատուհաններից, կամուրջներից:
Գայանե Առուստամյանն օրինակ բերեց Նորքի զանգվածի հանրակացարաններից մեկի բնակիչներին, որոնց վերջին ուրախությունը եղել է «չպիտակավորված նախընտրական ձուն»: