Ընտրությունների մասին քաղաքացիներին կիրազեկեն նորաբաց irazek.am և ditaket.am կայքերը

16:26 • 20.04.12

«Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցան irazek.am և ditaket.am կայքերի շնորհանդեսները:

Ծրագրի հեղինակ «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանն ասաց, որ կայքերի նպատակն է նպաստել գալիք խորհրդարանական ընտրությունների մասին ՀՀ ընտրողների իրազեկվածությանը:

 

Ditaket.am կայքը, նրա տեղեկացմամբ, մարզային հարթակ է, որը նպատակ ունի մարզերից լրատվական հոսքի ավելացմանը: Սուրեն Դեհերյան նաև նշեց, որ կայքում արդեն կան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարզերից տարբեր իրադարձությունների մասին հոդվածներ, որոնք տեղադրվել են նախապես այդ նպատակով ստեղծված բլոգից:

«Երկար ճանապարհ ենք անցել սրան հասնելու համար, մարզերից լրագրողների հետ ենք աշխատել: Այսօրվա դրությամբ մարզերը շատ կարիք ունեն ուշադրության, և տեղակատվական հոսքի պակաս կա այնտեղ»,- ասաց նա։

 

Սուրեն Դեհերյանի խոսքով՝ ditaket.am կայքի համար աշխատում է մարզային 20 լրագրող, որոնք, բացի ընտրություններից, անդրադառնում են նաև առողջապահական, բնապահպանական, սոցիալական և այլ ոլոտների խնդիրներին:

Մարզային խնդիրների լուսաբանման համար ստեղծված կայքի աշխատանքը կարևորեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման հարցերով պատասխանատու Օլիվեր Մաքքոյը:

 

«Լավ է, որ ծրագիրը տարածվել է նաև մարզերի վրա: Ով ուզում է հետևել ժողովրդավարական գործընթացներին և նպաստել դրանց իրականցմանը, սրանից հաստատ կօգտվի»,- ասաց նա և հավելեց. «Տեղեկացված ընտրությունը հաճախ ամենալավ ընտրությունն է լինում»:

Սուրեն Դեհերյանն նաև տեղեկացրեց, որ ի տարբերություն ditaket.am-ի, irazek.am կայքը տեղեկացնող հարթակ է, որի նպատակը ընտրողի իրավունքների, ընտրելու գործընթացների և այլ տեղեկությունների վերաբերյալ ինֆորմացիա հաղորդելն է:

 

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ–ի իրավաբան Գևորգ Հայրապետյանը նշեց, որ իրավաբանական ողջ ինֆորմացիան շատ մատչելի լեզվով է ներկայացված:

«Շատ մատչելի լեզվով ենք գրել, որ մարդիկ ցանկանան մտնել, կարդալ: Կայքն ունի «Ինչպես ընտրել», «Երբ ընտրել», «Ինչու ընտրել», «Խախտումներ» (Ում ընտրեմ – խմբ.) բաժինները»,– ասաց նա։

 

Կայքում տեղադրված է ընտրական օրենսդրությունը, ընտրություններին առնչվող բոլոր մարմինների մասին ամբողջական տեղեկատվություն:

«Եթե քաղաքացին, ունենա հարց, որի պատասպանը չկա կայքում, մենք կգտնեք դրա պատասխանը և կտեղադրենք կայքում»,- նշեց իրավաբանը:



Կայքի կարևոր առավելությունը irazek.am-ի համահեղինակ Ալբերտ Պողոսյանը համարում է այն, որ կայքում գրանցվելով կարելի է իմանալ թե որն է ընտրողի ընտատեղամասը և ովքեր են այդ տեղամասում առաջադրված թեկնածուները:

Կայք ունի նաև «Պատմիր տեսածդ» բաժին, որտեղ այցելուին հնարավորություն է տրվում գրել հաղորդագրություն, այն մասին, ինչի մասին ցանկանում է տեղեկացնել:

Ընտրությունների մասին քաղաքացիներին կիրազեկեն նորաբաց irazek.am և ditaket.am կայքերը