Ոչ մի փող, հեռուստատեսություն և սափրագլուխ նրանց չեն փրկելու. Լևոն Զուրաբյան

20:31 • 20.04.12

Նախքան Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ձայնը կտրվեր ՀԱԿ նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանին, հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը ներկայացրեց անցնող քարոզարշավի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի և մյուս քաղաքական ուժերի կողմից մինչ օրս ծախսված միջոցների տարբերությունը: Այսպես. եթե Արամ Մանուկյանի խոսքով, ՀԱԿ-ը ծախսել է 4, ապա «Օրինաց երկիրը»՝ 27, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն՝ 36, իսկ Հանրապետականը՝ 50 միլիոն դրամ:

Արամ Մանուկյանն ինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպել է մոտ 800 քաղաքացիների հետ ու տեսել, որ ոչ մի «հանրապետական չկա», այսինքն՝ «հանրապետականը զրո» է:

ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանն այս կապակցությամբ հիշեցրեց ամերիկյան նախընտրական քարոզարշավների ոսկե հարցադրումը. ո՞րն է կարևոր՝ փո՞ղը, թե՞ ասելիքը: Քանի որ շարքերից պատասխանեցին, որ ասելիքը, ապա Լևոն Զուրաբյանը շարունակեց.«Ինձ շատ ոգևորեցին այս թվերը, որ ցույց են տալիս, որ փողը ոչ մի նշանակություն չունի, և ժողովուրդը հասկանում է, թե ճշմարտության ուժը որտեղից է գալիս»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Վերջինիս ամփոփմամբ, իշխանությունների ձեռքին գտնվող փողը, հեռուստատեսությունը և սափրագլուխները գաղափարների ուժի դեմ ոչինչ են:

ՀԱԿ նախընտրական շտաբի պետը նաև հայտարարեց, որ իշխանական թիմը խուսափում է իրենց հետ հրապարակային բանավեճերից՝ լավ հասկանալով, որ հեռուստաեթերում ջախջախիչ պարտություն կկրեն, և ժողովուրդը նրանց գաղափարական սնանկության ականատեսը կդառնա:

«Ուղիղ եթերում բանավիճելու նրանց ինքնավստահության փուչիկն էլ պայթեց, և նրանք ծլկեցին Նիկոլից և Գայանե Առուստամյանից»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ մայիսի 6-ին կերևակվի, որ ոչ մի փող, հեռուստատսություն և սափրագլուխ նրանց չեն փրկելու:

Ելույթ ունեցողը նշեց, որ իշխանությունը կրկին ապավինել է հայրենի օլիգարխիային՝ Նեմեց Ռուբո, Լֆիկ, Լիսկա, և նրանք էլ հենց այս պահին դարձել են իշխող կուսակցության խոսափողը:

Լևոն Զուրաբյանը նաև անդրադարձավ տարբեր տեղական կամ միջազգային սոցիոլոգիական կազմակերպություններից կողմից հրապարակվող հարցումներին, որոնք վերաբերում են քաղաքական ուժերի վարկանիշներին, որոնց հիմնական տվյալները հետևյալն են՝ ՀՀԿ 35 տոկոս, ՀԱԿ՝ 4, 5 կամ 9:

«Փոխե՛ք ՀՀԿ-ի ու Կոնգրեսի տեղերը, և ամեն ինչ կընկնի իր տեղը»,- ասաց Լևոն Զուրաբյանը: