Խանութներում առկա ոչ բոլոր տոպրակներն են փորձաքննության ենթարկվել
Խանութներում առավել հաճախ օգտագործվող տարբեր գույների պոլիէթիլենային տոպրակները Հայաստանում ստուգման չեն ենթարկվել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը:
Նա հիշեցրեց, որ մի ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ պոլիէթիլենային սև տոպրակների շուրջ, որից հետո այն փորձաքննության ենթարկվեց և այսօր մթերային խանութներում դրանք բացակայում են:
«Բայց, օրինակ, այսօր հաճախ կարելի է տեսնել դեղին գույնի տոպրակներ: Կադմիումը դեղին գույն ունի և հնարավոր է, որ դրանք պատրաստված լինեն հենց այդ նյութից, ինչը շատ վնասակար է օրգանիզմի համար, հնարավոր է և ոչ, բայց մենք չունենք փորձաքննություն»,-ասաց նա։
Միլետա Արիստակեսյանը խորհուրդ է տալիս բոլոր դեպքերում չլվացվող տեսակի ապրանքները օրինակ՝ հացը, չդնել նման տոպրակների մեջ: Նա նաև նշեց, որ բոլոր պոլիմերային թափանցիկ տոպրակները թույլատրելի են և օրգանիզմին վնաս չեն կարող հասցնել:









