Փաշինյանն առաջարկում է մայիսի 6-ին հանրապետականի հայացքով իրականացնել 30-վայրկյանանոց հեղափոխություն

19:46 • 20.04.12

Թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԱԿ հանրահավաքին ևս մեկ անգամ հանդես եկավ 30 վայրկյանի հեղափոխության մասին ուղերձով: 

Նա նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր այսօր իրենց հետ չեն, դա չի նշանակում, որ պակաս չափով են երազում ազատ և արդար Հայաստանի մասին:

«Ես հիմա այստեղից՝ Ազատության հրապարակի հարթակից, ուզում եմ ձեզ ուղերձ հղել 30 վայրկյան հեղափոխության մասին: Ընտրակաշառք վերցնող մարդիկ, որոնք վախենում են քաղաքացիական ակտիվություն դրսևորել, դիմում եմ այդ մարդկանց, եղբայրներ և քույրեր, մենք ձեզանից չենք ակնկալում, որ դուք ակտիվորեն մասնակցեք մեր հանրահավաքներին, քարոզեք ՀԱԿ-ի օգտին, ճակատամարտ տաք բեսպրեդելի և օլիգարխիայի դեմ, մենք ակնկալում ենք ընդամենը 30 վայրկյան»,-ասաց նա և նշեց, որ ընտրութուններից առաջ և դրա օրը բոլոր այն գործատուներին, թաղային հեղնակություններին և մյուս բոլորին, ովքեր կպարտադրեն քվեարկել իրենց օգտին, պետք չէ նրանց մերժել, այլ պետք է ասել, որ հենց նրանց էլ ընտրելու եք:

«Մայիսի 6-ին տնից դուրս գալով և հանդիպելով ձեր գործատուին, թաղային հեղինակությանը ժպտացեք Սերժի ժպիտով, Հանրապետականի հայացք ընդունեք, բայց երբ որ քվեաթերթիկը վերցրիք, այդ պահին 30-վայրկյանանոց մեր հեղափոխությունը մեկնարկում է: Քվեարկեցիք ՀԱԿ-ի օգտին, վերջ, կայացավ և հաղթանակեց ձեր փակ հեղափոխությունը»,-ասաց նա և նկատեց, որ հենց դրանով ճանապարհ կբացեն գաղթած հարազատների վերադարձի, Մարտի 1-ի դեպքերի բացահայտման և այլնի համար:

«Ոմանք կհայտարարեն, թե իրենք կիմանան, թե ինչպես եք քվեարկել: Նման բան չկա, Սաշիկն ու Լֆիկը կրակ էլ դառնան, չեն կարող իմանալ՝ ոնց եք քվեակել»,-հավատացրեց ՀԱԿ անդամը և նշեց, որ քվերակությունն անց է կացվելու փակ և տեղական ու միջազգային դիտորդների հսկողության ներքո:

«Ընդամենը 30 վայրկյան, և մայիսի 7-ին մենք կիմանանք, որ տապալվել է լֆիկասերժական վարչախումբը: Ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայկական հեղափոխությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,-ասաց նա: