ՀՀ նախագահը ծանոթացավ Ալագյազ գյուղի գազատարի անցկացման աշխատանքներին
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Արագածոտնի մարզում: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը Ալագյազ համայնքում ծանոթացավ միջին և ցածր ճնշման գազատարերի անցկացման իրականացված աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ գազատարերի անցկացումն իրականացվել է «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ միջոցներից և 2012 թ-ին հատկացվել է 177.8 մլն դրամ:
Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին՝ խոստացված գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար: «Գյուղացիները դրա կարիքը շատ ունեին, և դա լուծեց միանգամից մի շարք հարցեր: Շնորհակալ ենք և հուսով, որ հետագայում էլ մեր համայնքը կլինի ուշադրության կենտրոնում: Ինչպես գիտեք, ՀՀ նախագահը դեռ 2007-ին խոստացել էր գազատար անցկացնել, և դա արդեն արվում է»,- ասաց Ազիզ Մհոյանը:
Նախատեսվում է, որ գազաֆիկացման աշխատանքները կավարտվեն 2012 թ-ի վերջին: Ծրագրի շահառուներն են համայնքի 142 տնտեսություններ, իսկ ընդհանուր շահառուները շուրջ 460-ն է:
Գազատարերի անցկացման աշխատանքները նախատեսված են ՀՀ նախագահի 30.07.2008 թ ՆԿ-128 Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցով:









