Պետք է մտածել Ցեղասպանության պահանջների ձևակերպման մասին. քաղաքագետ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ պետք է պատրաստ լինել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրվան և մտածել պահանջների ձևակերպման մասին։
Այսօր տեղի ունեցած ասուլիսին նա ասաց, որ ՄԱԿ-ի կողմից արված հաշվարկների համաձայն, փոխհատումցը 60 մլրդ ԱՄՆ դոլար է:
Կիրակոսյանը նշեց, որ Թուրքիան «շարժվում է դեպի ճանաչում, բայց շատ դանդաղ»: Նրա կարծիքով՝ Թուրքիայի համար արդեն դժվարացել է Ցեղասպանության մերժման քաղաքականությունը առաջ տանել:
«Ավելի քիչ երկրներ են գնալով համաձայնում նրա մերժողական քաղաքականության հետ»,- ասաց Կիրակոսյանը և ընդգծեց, որ Ադրբեջանը այժմ ավելի ներգրաված է Ցեղասպանության մերժման գործընթացում:
Նա նշեց, որ այս ամենի հետ մեկտեղ միաժամանակ Ցեղասպանության ճանաչման նոր ալիք է առաջանում:
«Երեք տարուց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է և Թուրքիան կհայտնվի ավելի ծանր և ուժեղ ճնշումների տակ»,- կարծում է քաղաքագետը:
Նրա կարծիքով՝արտաքին քաղաքականության ոլորտում Ցեղասպանության ճանաչման հարցում չպետք է շեշտը դնել ԱՄՆ-ի և նախագահ Բարաք Օբամայի վրա:
«Ես ամերիկյան դեմոկրատական կուսակցության անդամ եմ, սակայն ուզում եմ ասել, որ ես կարիք չունեմ, որ Օբաման ասի, որ ցեղասպանություն տեղի է ունեցել: Ես Ցեղասպանությունը վերապրածի թոռն եմ, և ինձ համար կարևոր չէ, Օբաման կասի, «ցեղասպանություն» եղել է թե, ոչ:
Նա նշեց նաև, որ մի քանի օրից Հայաստան են ժամանելու թուրք լրագրողները և հանդես են գալու Հայոց ցեղասպանության մասին զեկույցներով:
«Նրանք այն թուրքերն են, որոնք անձնական խոսակցություներում ընդունում են Ցեղասպանությունը, պետք է աջակցենք իրենց»,- ասաց Կիրակոսյանը:









