Ժողովրդի աջակցությամբ ՀԱԿ-ն ի վիճակի է երկիրը դուրս բերել այս վիճակից. Ստեփան Դեմիրճյան

20:42 • 20.04.12

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ելույթ ունենալով ՀԱԿ հանրահավաքում, մատնանշեց Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը՝ անվանելով այն ակնհայտ ապաշնորհ: «Այս վարչախմբի ակնհայտ ապաշնորհ կառավարման պատճառով երկիրը նման վիճակի է հասել, արտագաղթ, աղքատություն: Դրանում մեղավոր են կոալիցիոն բոլոր ուժերը, և առաջին հերթին ՀՀԿ-ն»,-ասաց նա:


Դեմիրճյանը նշեց, որ իշխող վարչախումբն ամեն ինչ անում է կրկին պահելու իր ձեռքում իշխանությունը, ինչի հաջողվելու դեպքում, նրա խոսքով, Հայաստանում կլինի խորը բարոյական անկում:


«Այս ամենը չենք կարող հանդուրժել, և եթե մենք ուզում ենք ապրել ժողովրդավարական երկրում, մեր երեխաների ապագայի համար մայիսի 6-ին պետք է փոխենք այս իշխանությունը»,-ասաց նա և նշեց, որ ժողովրդի աջակցությամբ ՀԱԿ-ն ի վիճակի է երկիրը դուրս բերել այս վիճակից: