Միասնական շտաբի կործանումն ավելի են կարևորում Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակից. Լևոն Տեր-Պետրոսյան
Ընտրությունների վերահսկման 4 կամ ավելի ճիշտ՝ 3 ուժերի միասնական շտաբի կործանումը ՀՀ իշխանությունները ավելի են կարևորում, քան Ադրբեջանի նկատմամբ հաղթանակը: Այս մասին այսօր ՀԱԿ հանրահավաքին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը: Նրա խոսքով՝ սա ունի մեկ նպատակ. «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ռեժիմը հավերժացնելը»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:
Անդրադառնալով միասնական շտաբում ներգրավված քաղաքական ուժերին, Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ դրանք այն կուսակցությունները չեն, որոնց հետ «ժամանակին ամուսնացած են եղել», իրար դեմ պայքարել են, բայց այժմ իրենց միավորում է արդար ընտրություններ անցկացնելու ձգտումը:
ՀԱԿ նախագահն այսօրվա ելույթում անդրադարձավ մամուլի՝ միասնական շտաբի շուրջ ունեցած վերաբերմունքին՝ հիշեցնելով, որ ժամանակին իշխանության հետ սկսած երկխոսության մասին գովերգողները ավելի ուշ սկսեցին քննադատությամբ հանդես գալ: Նա նաև նշեց, որ երբ շարժումը ավելի հզոր էր, միահամուռ բոլորի հավանությանն էին արժանանում, իսկ «տեղատվությունների» ժամանակ՝ չարախնդության: Որ ՀԱԿ հանդիպումները սակավամարդ չեն , Տեր–Պետրոսյանի վկայությամբ՝ այսօրվա Ազատության հրապարակն է:
Ընդդիմության առաջնորդը նաև համարում է, որ կոալիցիայի հետ երկխոսությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումն է: Եվ ըստ Տեր-Պետրոսյանի՝սխալ է կարծիքը, որ այն արդյունք չի ունեցել, քանի որ հենց այդ երկխոսության հեռանկարի շնորհիվ նախորդ տարի ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, ժողովրդին հետ վերադարձվեց «Ազատության» հրապարակը:









