Բաքվի և Բրյուսելի փաստաթղթերը խոսում են Հայաստանի ձախողված արտաքին քաղաքականության մասին. Վլադիմիր Կարապետյան

20:08 • 20.04.12

Թիվ 2 ընտրատարածքի ՀԱԿ թեկնածու, ՀԱԿ արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը՝ այն համարելով ձախողված: Նա հատկապես վտանգավոր համարեց ապրիլի 3-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի՝ Ռուսատանն ու Ադրբեջանը պայամանավորվել են, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար հիմք պետք է համարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Վլադիմիր Կարապետյանը որպես միջնորդ հանդես եկող Ռուսատանից գոնե նման բան չէր սպասում, ինչը, նրա համոզմամբ, Հայաստանի վատ արտաքին քաղաքականություն վարելու արդյունքն է:

«Նման խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո դուք տեսե՞լ եք արձագանք՝ Հայաստանի արտգործնախարարության կողմից»,-հարցրեց նա և նույնքան զարմանալի համարեց Ղարաբաղյան իշխանությունների «քար լռությունը»:

Վլադիմիր Կարապետյանը Հայաստանի արտաքին քաղաքականության համար մեկ այլ նմանատիպ ձախողում համարեց Բաքվի դեպքին անմիջապես հաջորդած բրյուսելյան վերջին փաստաթուղթը: Դրանով, ըստ Կարապետյանի, մեկ քայլ է մնում, որպեսզի Եվրոպան Հայաստանին ճանաչի զավթիչ:

«Բանաձևում այլ վտանգավոր ձևակերպումներ նույնպես կան, այս երկու փաստաթղթերը ռեժիմի ձախողումներն են, ուստի օր առաջ պետք է ռեժիմից ազատվել: Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»,-իր ելույթը եզրափակեց նա: