Հայաստանի համար խաղաղության գինը ազատ ու արդար ընտրություններն են.Անահիտ Բախշյան

11:32 • 21.04.12

ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, իր տարածած հայտարության մեջ նկատում է, թե Հայաստանի hանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանրապետության գործող նախագահն առաջին անգամ որպես նորություն երկրի առաջընթացի խոչընդոտ հայտարարեց կոռուպցիան և կաշառակերությունը:


Պատգամավորի թեկնածուն հիշեցնում է, որ. «Հանրապետության նախագահը պետբյուջեից գողացող մարդկանց տիպին որակել էր «զզվելի»»: Սակայն, ի՞նչն է պատճառը, որ այդպիսինների թիվը չի կրճատվեց:


«Ո՞րն է պատճառը, որ այդ «զզվելիներին» ոչ միայն չեն ձերբակալում, պաշտոնից չեն ազատում, այլև շարունակում են նրանց պահել կոալիցիոն իշխանության մեջ ու ընտրությունների քարոզարշավն այսօր ներկայացնում են որպես բազմակարծության իմիտացիա»,- hարց է ուղղում Ա. Բախշյանն ու ինքն էլ փորձում պատասխանել. «Միգուցե պատճառն այն է, որ իշխող կոալիցիոն կուսակցությունների «զզվելի» անդամները, առանց բացառության, ընտրությունների ժամանակ չխնայելով հսկայական նյութական միջոցներ, բարեգործության անվան տակ բաժանելով ընտրակաշառք, օգտագործելով իրենց իշխանության բոլոր լծակները, վերարտադրում են գործող իշխանությունը և որպես պարգև ստանում երկիրը հերթական 5 տարին անպատիժ կերպով թալանելու իրավունք»:


Անդրադառնալով Վերահսկիչ պալատի գործունեությանը, պատգամավորի թեկնածուն նկատում է, թե .«Մի օր լսում ենք Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների հաշվետվությունները, որտեղ տառացիորեն բոլոր ոլորտների վերաբերյալ արձանագրվել են միլիոններով անարդյունավետ ծախսեր պետական բյուջեից, յուրացումներ և տարբեր տեսակի չարաշահումներ, իսկ հաջորդ օրը`գործող նախագահի` կոռուպցիան ու կաշառակերությունը վերացնելու հանձնարարականի մասին: Ու ոչ մի հետևանք տվյալ բնագավառները տապալող կոալիցիոն պաշտոնյաների համար: Մեզ մոտ կարծես օրենսդրությունը պատիժ չի սահմանել այդքան դժվարությամբ հավաքվող բյուջեն անարդյունավետ ծախսելու, պետբյուջեի միջոցները յուրացնելու, պետական ծրագրերը տապալելու, պետական վարկային միջոցները փոշիացնելու համար, որոնք մենք ժառանգելու ենք մեր թոռներին»,-եզրահանգում է Բախշյանը:


Պատգամավորի թեկնածուն հարց է ուղղում՝ ո՞ւմ է սատարում քարոզարշավի ժամանակ հանրապետության նախագահն իր կոչերով, ու հավելում.«Մարդկանց, որոնց մի մասի կենսագրության մեջ անպակաս է քրեական տարրը, մյուս մասի կենսագրությունն էլ մեր 20-ամյա պետության մեջ քրեաօլիգարխիկ համակարգի կայացման տիպիկ պատմությունն է: Ահա մի փակ շղթա, որից մեր պետությանը դուրս գալ չի հաջողվում Երրորդ հանրապետության կայացման պահից սկսած` երեք նախագահների իշխանությունների օրոք»:


«Տարիներ շարունակ իրար մեղադրելով նույն մեղքերի մեջ` իշխած և իշխող քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այսօրվա դաժան իրականության` սոցիալական ծանրագույն, անմարդկային պայմանների, Արցախի խնդրի և արտաքին քաղաքականության շարունակական ձախողումների, մենաշնորհային հրեշավոր տնտեսության համար պատասխան տալու փոխարեն համարձակվում են նայել ձեր աչքերին ու ակնկալել ձեր քվեն»:


Դիմելով ժողովրդին Անահիտ Բախշյանը կոչ է անում. «Թույլ մի´ տվեք: Մենք թշնամու հետ պատերազմը դեռ չավարտած երկրում ենք ապրում, և ազնիվ, անկաշառ ու հայրենասեր ուժերի իշխանության գալուց է կախված արդեն ոչ թե լոկ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, այլև մեր երկրի ու յուրաքանչյուրիս, մեր երեխաների ու թոռների տարրական անվտանգությունը: Այսպես շարունակել չի կարելի, սիրելի հայրենակիցներ: Մենք յուրաքանչյուրիս քվեարկությամբ մոտակա ընտրություններին միասի´ն պետք է կոտրենք երեք նախագահների հյուսած փակ շղթան»: