2015-ին Թուրքիան, միգուցե, բացի հայ-թուրքական սահմանը. Հայկ Դեմոյան

19:56 • 21.04.12

2015 թվականին լրանում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը կարծում է, որ թուրքական կողմն արդեն որոշակի քայլեր է մշակում և պատրաստվում է դրան: Հնարավոր սցենարներից մեկը նա համարում է հայ-թուրքական սահմանի բացումը:

 

«2015-ին ես վստահ եմ, որ թուրքերը պահուստային ինչ որ բաներ կմշակեն և միգուցե և ունեն՝ մշակում են: Օրինակ՝ պատկերացնում եմ 2015-ին կբացեն սահմանը և դա բավական լավ փաթեթավորմամբ կծախեն և մեր վրա, և միջազգային հանրության»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դեմոյանը:

 

Այս կերպ Թուրքիան, նրա կարծիքով, կցանկանա ավելի դրական կերպար դառնալ և մեղմացնել միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման, պահանջների ալիքը:

 

Նա նշեց, որ 100-րդ տարելիցը խորհրդանշական սահման է, սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվում, այլ ընդհակառակը՝ սկսվում է:

 

Հայերն, ըստ Դեմոյանի, թուրքերի նման պատրաստված չեն` անգամ մինչ օրս ցեղասպանության պահանջների ձևակերպումը չի տրվել, թեև «բոլորիս հայտնի են դրանք»:

 

«Համընդհանուր համահայկական մեկ օրակարգի և մեկ պահանջի ձևակերպման խնդիր կա: Այսօր ունենք ուղղակի հատվածային մոտեցումներ և ձևակերպումներ՝ տարբեր ճաշակին և քիմքին հաճելի, մաքսիմալիստական և անհասկանալի ձևակերպումներ: Բոլորիս քաջ հայտնի է, թե ինչ ենք մենք ուզում, բայց ճիշտ ձևակերպումը մենք չունենք»,- ասաց Դեմոյանը:

 

Իսկ հայկական կողմը, ըստ թուրքագետի, այլևս ժամանակ չունի իր պահանջների ձևակերպման համար, իսկ այս ուղղությամբ դեռ ոչինիչ չի ձեռնարկվում, անգամ ոչ հրապարակային մակարդակում:

 

«Սա լուրջ մարտահրավեր է, որովհետև ժամանակի առումով կարելի է ասել, որ մենք համարյա թե ժամանակ չունենք, որովհետև այն ինչ-որ պետք է արվի, պետք է արվի այս տարի, ամենաուշը գոնե հաջորդ տարի մենք պետք է ձևակերպումը ունենանք»,- կարծում է պատմաբանը:

 

Նրա կարծիքով, պետք է այլ մարտավարություն ունենալ ցեղասպանության հարցում և ոչ թե սպասել, որ ԱՄՆ նախագահը, օրինակ, ապրիլի 24-ին ասի «ցեղասպանություն» բառը:

 

«Ոչ թե պետք է սպասենք, այլ աշխատենք. նոր մոտեցում, նոր գիտելիք, նոր հռետորաբանություն: Չենք կարող մնալ 50-60-ակաների բառապաշարով: Ավելի գրագետ ավելի բանիմաց, խորաթափանց ձևով ընկալենք ցեղասպանությունը և այն մատուցենք առաջին հերթին մեզ և ներկայացնենք հասանելի ձևով թուրքական հասարակությանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը: