ԵԿՄ անդամներն ազատ են իրենց կողմնորոշումներում . Գագիկ Դավթյան
«Երկրապահ կամավորականների միության» տարածքային կազմակերպությունների վրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված այս կամ այն թեկնածուին պաշտպանել-չպաշտպանելու հարցում որևէ պարտադրանք չկա, այս մասին Tert.am –ի հետ զրույցում Արաբկիրի ԵԿՄ տարածքային կազմակերպության ղեկավար Գագիկ Դավթյանը՝ հավելելով, որ ԵԿՄ-ն,լինելով հասարակական կազմակերպություն, մեծամասնական թեկնածուների հարցում գործում է այսպես կոչված ազատ ռեժիմով:
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» թերթի՝ երեկ երեկոյան Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչների հետ թիվ չորս ընտրատարածքում առաջադրված, «168 ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հանդիպումից հետո, նույն ընտրատարածքում նրա մրցակից Արտակ Սարգսյանը, շտապել է ՀՀԿ-ականների մոտ բողոքելու, թե Արաբկիրի ԵԿՄ անդամները սատարում են օրաթերթի խմբագրին: Ինչի արդյունքում երեկ ուշ երեկոյան ԵԿՄ տվյալ տարածքային կազմակերպությունները Արտակ Սարգսյանին սատարելու մասին արձանագրություն են ընդունել և տվել, որպեսզի բոլորը ստորագրեն:
«Մենք որևէ մեկին չենք ստիպում քվեարկել որևէ թեկնածուի համար, մեր կազմակերպություններում կան տարբեր կուսակցությունների անդամներ և նրանք առաջնորդվում են իրենց անձնական նպատակահարմարությամբ: Անձամբ ես ՀՀԿ անդամ եմ և պաշտպանելու եմ Արտակ Սարգսյանին, բայց որևէ մեկին չեմ պարտադրում, որ նրան ընտրեն կամ պաշտպանեն»,- ասաց Գագիկ Դավթյանը՝ հերքելով, թե որևէ արձանագրություն գոյություն ունի:
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում Սաթիկ Սեյրանյանն ինքը հաստատել էր պարտադրանքի մասին հայտարարությունը՝ նշելով, որ բնակիչների հետ իր նախընտրական հանդիպմանը որոշ երկրապահների ներկայությունը մեծ իրարանցում է առաջացրել հատկապես ԵԿՄ վարչությունում: Նա նաև իր վրդովմունքն էր արտահայտել այս կապակցությամբ:
«Սկզբում փորձել են տղաներին ստիպել, որ իմ թեկնածությունը չպաշտպանելու վերաբերյալ հատուկ հայտարարություն տարածի ԵԿՄ Արաբկիրի բաժինը: Սակայն տղաները հակադարձել են, որ իրենց աջակցության մասին իրենք հայտնել են ոչ թե ԵԿՄ անունից ու պաշտոնապես, այլ դա իրենց մարդկային վերաբերմունքն է թեկնածուներից մեկի հանդեպ: Դրանից հետո տղաներին փորձում են ստիպել, որ ուրիշ հայտարարություն անեն՝ արդեն Արտակ Սարգսյանին պաշտոնապես աջակցելու վերաբերյալ»,- նշել էր Սաթիկ Սեհ
«168 ժամ»-ի գլխավոր խմբագիրը պնդում է, որ Արտակ Սարգսյանն արդեն մոտ 1.5 միլիոն դոլար է ծախսել իր ընտրապայքարը կազմակերպելու համար և պատրաստվում է ևս նույնքան ծախսելուն:
«Չնայած իմ անկուսակցական լինելուն՝ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ ՀՀԿ անդամներ, զանգում են ինձ ու ամուսնուս և իրենց աջակցությունն են հայտնում առաջիկա ընտրություններում: Որոշ մարդիկ փորձում են լռեցնել ինձ, սակայն ես ձայնս չեմ կտրի»,- ամփոփեց Սաթիկ Սեյրանյանը:









