Եկել է Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը. քաղաքագետ
Քաղաքագետ Տիգրան Փաշաբեզյանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փուլերին, նկատում է, թե հարկ է հստակորեն տարբերակել Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը` Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակից, որովհետեւ դրանք տարբեր հասկացություններ են և տարբեր ժամանակային փուլերում են գտնվում:
«Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը 1965-1985 թվականներն էին, ապա Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը հիմա է հասունացել»,- նկատում է քաղաքագետը, հավելելով. «Ինչը նշանակում է, որ դեպի ցեղասպանության դատապարտման ճանապարհը հայությունը արդեն անցել է և կարիք չկա նրան ապակողմնորոշել, իբր` «Ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ է ընթանում և, ըստ այդմ, պետք է այդ գործընթացը շարունակել մինչև Թուրքիան ընդունի ցեղասպանությունը» ոգով: Պարզապես, պետք է ընդունել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է և պետք է անցում կատարել ցեղասպանության դատապարտման գործընթացին »,-ընդգծում է Տիգրան Փաշաբեզյանը:
Պարզաբանելով, թե այսօր ի՞նչ պետք է հասկանալ Հայոց ցեղասպանության դատապարտում ասելով, Փաշաբեզյանը նկատում է.«Պետք է հասկանալ ցեղասպանության դատապարտում միջազգային իրավական ատյանում և ցեղասպանության հետևանքների վերացում»:
Եվ այսպես, ըստ Տիգրան Փաշաբեզյանի, Հայոց ցեղասպանության դատապարտման հարցով երեք և ավելի կողմեր կարող են դիմել միջազգային դատարան: Այդ կողմերն են.
ա) Հայաստանի Հանրապետությունը, որը սակայն, այս հարցով, այժմ գտնվում է ճնշումների տակ,
բ) ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն, որը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի համաձայն` ստանձնել է այդպիսի պարտավորություն,
գ) ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, բնականաբար, և`
դ) Արեւմտյան Հայաստանի հայությունը, որպես ցեղասպանության ենթարկված եւ բնօրրան հայրենիքից բռնագաղթված հավաքականություն, այստեղ սակայն ուսումնասիրելու և վերջնականապես կողմնորոշվելու խնդիրներ կան…
Քաղաքագետը հարկ է համարում նաև հիշեցնել, որ ՀՀ-ի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը տեղի է ունեցել 1988-ի նոյեմբերի 22-ին, իսկ 1993-ից ՀՀ ԱԺ օրակարգում է այն ժամանակ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի ներկայացրած առաջարկը` Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթաց սկսելու վերաբերյալ:









