Րաֆֆի Հովհաննիսյանը շրջայց կատարեց Նորք–Մարաշում

12:38 • 21.04.12

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան այսօր իր մի քանի համակիրների հետ շրջայց կատարեց Երևանի Նոր Մարաշ վարչական շրջանում և զրուցեց բնակիչների հետ:
Լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդը վստահություն հայտնեց, որ Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ առաջին ազատ ու արդար ընտրությունն է անցկացնելու:


«Այսօր արդեն ընտրարշավի կեսը հատեցինք և ժամանակն է խոսքից գործի անցնել և այդ գործը ամենօրյա հանձնառություն է պահանջում: «Ժառանգությունն» այլընտրանք է ներկայացնում հասարակության համար և վստահ եմ որ այդ այլընտրանքն իր գործընկերների հետ խորհրդարանում մեծամասնություն կկազմի»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, որ մեր կյանքում շատ բան պետք է փոխվի՝ քաղաքացու տեղը, դերը և պետք է պաշտպանվեն մարդու իրավունքները: Նա համոզված է, որ ԱԺ-ն, կառավարությունը, մարզպետները, նախագահները պետք է փոխվեն:


«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին բոլորին խոսել ու համեմատել և եթե կարծում են, որ կա մի ուժ, որը ավելի վճռական է, խնդրեմ, թող ընտրեն նրանց և «Ժառանգությունը» տեր կկանգնի այդ ընտրությանը»,-ասաց նա
Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր ներկաներին տեղեկացրեց, որ մայիսի 7-ին ազատության հրապարակում տեղի է ունենալու ընդդիմության հաղթական համերգը


«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով առաջադրված է թիվ 6 ընտրատարածքում նշեց որ «Ժառանգությունը» շարունակելու է ժողովրդին ծառայել այնպես ինչպես դա անում էր այս տարիների ընթացքում:
«Ես ինքս նախընտրական խոստումներ չեմ տալիս, ես ասում եմ՝ շարունակելու եմ իմ աշխատանքը, որովհետև այս 5 տարիների ընթացքում արդեն իսկ սկսել եմ: Մենք զրո կետից չենք սկսում: Նույնիսկ մեր մրցակից քաղաքական ուժերը չեն կարողանում չընդունել, որ այս հինգ տարիների ընթացքում «Ժառանգությունը» ամենամարտական է և եղել մեր խմբակցությունը կայացած ուժ է»,- ասաց նա:


Մարաշցիներից մեկը Րաֆֆի Հավվհաննսիայանին հարցրեց, թե «Ժառանգություն» կուսակցությունից ո՞ւմ ձայն տալ, այն պարագայում, երբ ոչ մեկ առաջադրված չէ իրենց համայնքում:


«Մենք երկար ժամանակ պայքարեցինք, որպեսզի այլևս չլինի մեծամասնական ընտրակարգը, բայց չստացվեց, որը հնարավոր է համատեղ մեղք էր կամ պատասխանատվություն: «Ժառանգության» դիրքորոշումը նման պարագայում հետևյալն է՝ մենք պաշտպանում են ընդդիմության թեկնածուին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Տեղեկացնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն այսօր լինելու է նաև Դավթաշենում ու Աջափնյակում: