Խոշոր ավտովթար Մեքսիկայում. 43 զոհ
Վերջին տարիների ամենախոշոր ավտովթարն է տեղի ունեցել Մեքսիկայի Վերակրուս նահանգում, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Զոհվել է 43 մարդ, ավելի քան 20-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:
Ճանապարհին բեռնատարի կցասայլը պոկվել է ու բախվել ետևից ընթացող ավտոբուսին, որը սեզոնային գյուղատնտեսական աշխատավորների էր տեղափոխում Կոաուիլա նահանգ: Ավտոբուսում եղել է 70 ուղևոր, չնայած որ տրանսպորտային այս միջոցով թույլատրվում է տեղափոխել ընդամենը 48 մարդու:
Հետաքրքրական է, որ բեռնատարի վարորդը ողբերգությունից հետո չի կանգնեցրել մեքենան ու շարունակել է ընթացքը: Ոստիկանությունը հետախուզում է նրան:









