Մոնրեալում կբարձրացվեն կրթության վարձավճարները. ուսանողները դեմ են

09:50 • 21.04.12

Կանադական Մոնրեալ քաղաքում ուսանողները կրթության վարձավճարների բարձրացման դեմ բողոքի ակցիա են անցկացրել, որոնք վերաճել են անկարգությունների: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ` ուսանողների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով տուժել է 6 մարդ, այդ թվում` 4 ոստիկան: Ձերբակալվել է 14 ցուցարար:

 

Կոնգրեսների պալատի թաղամասում անցկացված անկարգությունների հետևանքով կոտրվել են մի քանի խանութների ապակիներ, վնասվել ավտոմեքենաներ:

 

Բողոքի ակցիան ուղղված էր Կոնգրեսների պալատում Քվեբեկ նահանգի վարչապետ Ժան Շարեի ելույթին: Քվեբեկի կառավարությունը մտադիր է բարձրացնել քոլեջներում ու համալսարաններում կրթության վարձավճարները 325 դոլարով:


Նահանգի կրթության նախարար Լին Բոշամփն ուսանողական կազմակերպությունների առաջնորդներին հրավիրել է բանակցությունների, սակայն դրանք հետաձգվել են մեկ շաբաթով` մինչև Մոնրեալի բոլոր ուսանողական կազմակերպությունները չհայտարարեն բռնություններից հրաժարվելու մասին: