ԱԺ «անավարտ օրենքներն» ու դրանց հետագա ճակատագիրը
Մայիսի 6-ին իր լիազորություններն ավարտող 4-րդ գումարման Ազգային ժողովից մնացել են չընդունված շուրջ 400 օրենքների նախագծեր, որոնց կեսը որպես պաշտոնապես շրջանառության մեջ դրված, բայց դեռևս նստաշրջանի օրակարգում չընդգրկված նախաձեռնություններ են, իսկ մնացածը՝ որպես օրակարգում ներառվածներ:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում անավարտ մնացած օրենքների նախագծերին Tert.am–ի հարցմանն ի պատասխան, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրեց հետևյալը. Աժ աշխատակազմը, առաջին նստաշրջանի ավարտին հաջորդող 7-օրյա ժամկետում ԱԺ նախագահին է ներկայացնում նախորդ գումարման խորհրդարանում քննարկված, առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերը՝ կից տեղեկանքում նշելով դրանց հեղինակներին և գլխադասային հանձնաժողովները:
Սրանից հետո, ԱԺ նախագահը օրենքների նախագծերը չորսօրյա ժամկետում ուղարկում է Կառավարություն և համապատասխան մշտական հանձնաժողովներ: Վերջիններս էլ 30-օրյա ժամկետում քննարկում և Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացությունները՝ վերոհիշյալ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:
ԱԺ աշխատակազմը՝ Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, եզրակացությունների ստացման պահից 7-օրյա ժամկետում ապահովում է դրանց և համապատասխան օրենքների նախագծերի տրամադրումը պատգամավորներին:
Եթե օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավորը, ապա հեղինակի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո` 60-օրյա ժամկետում ներկայացվելու դեպքում, տվյալ օրենքի նախագիծը ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար: Իսկ եթե օրենքի նախագծի հեղինակը չի վերընտրվում, այսինքն՝ նախորդ գումարման պատգամավոր է, ապա նորընտիր որևէ պատգամավորի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո` 60-օրյա ժամկետում, որպես հեղինակ հանդես գալու ցանկության դեպքում, տվյալ օրենքի նախագիծը ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:
Նշենք, որ անավարտ մնացած օրենքի նախագծերի թվում, առյուծի բաժին են կազմում ՀՀ կառավարության ներկայացրած
օրենսդրական նախաձեռնությունները: Այս մասին փորձագիտական եզրակացություն կա նաև Parliamentmonitoring.am կայքում:
Հավելենք, որ անավարտ մնացած օրենքների թվում են նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» , «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին», « Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Գովազդի մասին», «Բռնադատվածների մասին», «Բարեգործության մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:
Նշենք, որ ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդրկված օրինագծերի թվում, հատկապես, շատ էին ՀՀԿ-ական և բոլոր չորս գումարումների անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրենսդրական նախագծերը:
Ամենաուշագրավը « Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն է, որին Վիկտոր Դալլաքյանի հետ հեղինակել են Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Մխիթար Վարագյանը, Լյովա Խաչատրյանը, Սամվել Բալասանյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը, Միքայել Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Արմեն Մխիթարյանը, Գրիգորի Մարգարյանը:









