Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին, որ Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության մամուլի հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը և թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:
Զրույցի ընթացքում քննարկվել են նախօրեին Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացված խորհրդակցությունների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:









