Դեռ մի բան էլ քիչ եմ քննադատում . Վարդան Օսկանյան

17:13 • 21.04.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը կարծում է, որ երեկ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո վերջ կտրվի իրեն և ԲՀԿ-ի այլ անդամներին վերագրվող հակադրության մասին խոսակցություններին, այս մասին Վարդան Օսկանյանը նշել է ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը Բագրատաշաենում ընտրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Vertu հեռախոսի և ատրճանակի թեմային, լրագրողներին, ասել էր.«Ուրեմն իմացեք, որ նա էլ է եղել, նա էլ»:

Մեկնաբանելով այս լուրը՝ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ այսպիսով Գագիկ Ծառուկյանը սուտասան դարձրեց բոլոր նրանց, ովքեր մինչ այդ պնդում էին, որ զենք չի եղել, այլ Vertu:

Հեռախոսի և զենքի միջադեպը սպառված համարելով, Վարդան Օսկանյանը գրառել է.«Պարոն Ծառուկյանը, մեկնաբանելով իշխանությունների հասցեին իմ քննադատությունները, ասել է. «Այսօր ինքն իր անձնական կարծիքն է ասում, որովհետեւ մենք տուն-տունիկ չենք խաղում: Ամեն մեկն իր մտածելակերպը, իր պատկերացումը արտահայում է հանրությանը, ժողովրդին: Ես հո՞ չեմ ասելու՝ սա ասեք: Ես էլ իմ գաղափարը, մոտեցումն եմ ասում: Բայց ինչ վերաբերում է կուսակցության որոշմանը, մենք հրավիրում ենք, քննարկում ենք, համապատասխան պատասխան ենք տալիս, իսկ մնացածը քարոզարշավի ժամանակ ամեն մեկը պատասխանում է իր պատկերացմամբ»:

Վարդան Օսկանյանը ֆեյսբուքցիներին նաև տեղեկացնում է, որ դեռ մի բան էլ քիչ է քննադատում, ինչի մասին երեկ Ախուրյանից Գյումրի գնալով՝ հայտնել է ԳԱԼԱ հեռուստատեսությանը:

«Հաղորդավարն ինձ հարցրեց, թե ինչպես կմեկնաբանեմ Հանրապետական կուսակցության ցավագին և նեղացած արձագանքները իշխանության նկատմամբ իմ հնչեցրած մեկնաբանություններին: Ես պատասխանեցի, որ ինչքան շատ եմ շփվում մարդկանց հետ մարզերում, այնքան շատ համոզվում եմ, որ իմ քննադատությունը շատ մեղմ ու հանդուրժողական է: Քննադատությունը շատ ավելի խիստ պետք է լինի, և իշխող կուսակցությունը պատասխանատվություն պետք է վերցնի այս ընտրությունների նախաշեմին հաշվետու լինելու իր արածի ու չարածի համար»,- գրել է Վարդան Օսկանյանը։