«Կա իրական փաստաթուղթ՝ Սահմանադրություն, մնացածը սպասարկող քաղաքական հուշագրեր են». Րաֆֆի Հովհաննիսյան

13:26 • 21.04.12

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Նորք–Մարաշ վարչական շրջանում, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ թեև կուսակցությունը հրաժարվել է ընդդիմության 4 ուժերի կողմից ստորագրված միասնական շտաբի աշխատանքներին մասնակցելուց, սակայն ստեղծել է համագործակցության բաց դաշտ:


«Միասնական շտաբի մասին ստեղծման փաստաթղթում պետք է նշված լինի, թե որ դեպքում մենք իրար շնորհավորում ենք և որ դեպքում է, որ ասում ենք «ներողություն, բայց ընտրությունները չեն կայացել»: Սակայն այդ դրույթը բացակայում է այստեղ: Կա իրական փաստաթուղթ՝ Սահմանադրություն, մնացածը սպասարկող քաղաքական հուշագրեր են: Բայց մենք պետք է առաջին անգամ անցկացնենք մեր օրենքներին համապատասխան ընտրություն»,-ասաց նա:


Tert.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ երեկ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի հանրահավաքի ժամանակ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը հայտարարել էր, թե չի հասկանում «Ժառանգության» դիրքորոշումը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Հարգում եմ իր կարծիքը»:


Միաժամանակ նա մանրամասնեց, թե միասնական շտաբի փաստաթուղթն ինչու չի գոհացնում կուսակցությանը: «Մենք առաջարկել ենք որ այդ փաստաթուղթը լինի սոլիդ, ամբողջական: Մենք առաջարկում ենք պատասխանատվության նշաձողի բարձրացում: Մենք ասել ենք, որ մենք բաց ենք և շփվում ենք բոլոր ուժերի հետ, իրավապահ մարմիններին զեկույցներ ուղարկելուն զուգահեռ, մենք այդ պատճենները կուղարկենք նաև մյուս երեք ընդդիմադիր ուժերի շտաբերին»,– ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


«Դրա համար պահանջել ենք՝  բոլոր 9 ուժերի համամասնական ցուցակների առաջին դեմքերի ստորագրությունը, կամ նվազագույնը հայտնի 4-ը ուժերի ցուցակների առաջին դեմքերի: Դա տեղի չունեցավ, և դրա համար մենք առաջարկել ենք այլընտրանքային տարբերակ և համագործակցության դաշտը բաց ենք պահում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խեղաթյուրվել է կոալիցիա կազմելու իր պատրաստակամության մասին խոսքերը:


«Ես ասել եմ, որ եթե լինեն ազատ ու արդար ընտրություններ, եթե ընտրությունների արդյունքները արտացոլեն իրական պատկերը, ապա մենք չենք բացառում կոալիցիայի կազմումը ժողովրդի կողմից ընտրված ուժերի հետ»,- ասաց նա։