Սուրեն Խաչատրյանը կապ չունի «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի հետ. Սենիկ Ջուլհակյան

13:40 • 21.04.12

«Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկել էր ինստիտուտի աշխատակիցների ներկայանալի կազմով, որպեսզի պատասխանի երեկ իր և ինստիտուտի հասցեին հնչեցրած՝ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մեղադրանքներին:
Հմայակ Հովհաննիսյանը պնդում էր, որ Սենիկ Ջուլհակյանն իր նկատմամբ ճնշումներ է գործադրում, ստիպելով ՀՔՄ տարածքը վաճառել իրեն, հակառակ դեպքում կփակի մուտքը և թուլ չի տա ելումուտ անել:


Բացի այդ, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կառավարությունը մարտի 1-ի որոշմամբ «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տարածքը օտարել է Սենիկ Ջուլհակյանին, ով իրականում ո՛չ Չեխիայում և ո՛չ էլ մյուս քաղաքաներում բիզնես չունի, ինչպես ներկայացնում է: Քաղաքագետների միության նախագահը դա պարզել էր գրություն ուղարկելով Չեխիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ հայր Բարսեղին, ով նամակում նշել էր, որ Սենիկ Ջուլհակյանը ոչինչ չունի, «ավանտյուրիստի մեկն և վտանգ է ներկայացնում շրջապատի համար»: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ իրականում Սենիկ Ջուլհակյանի հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:


Սենիկ Ջուլհակյանը նախ նշեց, որ երեկվա նման հայտարարություններից հետո «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենի առողջական վիճակը կտրուկ վատացել է և ծանր վիճակով տեղափոխվել հիվանդանոց:
Այնուհետև նա անդրադարձավ իր անձի շուրջ հնչեցրած մեղադրանքներին՝ նշելով, որ ինքը բոլորովին կապ չունի քաղաքականության հետ, թեև փորձ է արվում իրեն ներգրավվել: Նա հանդիպման էր եկել բանկային մի ամբողջ հաշիվներով՝ ցույց տալու, որ իրականում ինքը մեծ բիզնես ունի և Չեխիայում և Մոսկվայում և այլ քաղաքաներում: Դեռ ավելին, նա հենց ասուլիսի տեղից զանգահարեց հայր Բարսեղին, ով հայտարարեց, թե ինքը Հմայակ Հովհաննիսյանին չի ճանաչում և նման գրություն չի ուղարկել:


Սենիկ Ջուլհակյանը հայտարարեց, որ իրեն զրպարտելու համար ինքը կդիմի դատարան: «Ես ոչ մի քաղաքական հակումներ չունեմ: Սա շահարկում է քաղաքական շահերի համար: Այս կոլեկտիվը սիրում և հարգում են ինձ, որին փրկել եմ՝ 150 մլն դրամ անվարձահատույց նվիրել եմ այս վաստակաշատ կոլետիվին: Իմ ներդրումը 200 մլն դրամից ավելի է»,- ասաց նա:


Սենիկ Ջուլհակյանը նշեց, որ կոլեկտիվն ընդվզում է Հմայակ Հովհաննիսյանի դեմ, քանի որ ինստիտուտի արխիվը գտնվում է նկուղներում, և իրենք չգիտեն, թե Հմայակ Հավհաննիսյանն ինչպես է կարողացել բռնագրավել է տարածքի՝ իրենց պատկանող մասը: Որից հետո նա նշեց, որ ինքը փորձել է խոսել Հմայակ Հովհաննիսյանի հետ, բացատրել նպատակը ինստիտուտի նախկին հեղինակությունը վերադարձնելն է: Սակայն, երբ մերժում է ստացել, որոշել է միությունից վերցնել այն տարածքները, որոնք նրան չեն պատկանում, այսինքն՝ մուտքի մասը փակի:


Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի այս պատմության ետևում կանգնելու մեղադրանքներին, ապա Սենիկ Ջուլհակյանը խոստովանեց, որ ճանաչում է Սյունքիի մարզպետին, քանի որ նա եղել է իրենց հրամանատարը Արցախյան պատերազմի տարիներին։ Բայցի այդ ինքն էլ արմատներով Սյունիքից է, Խնձորեսկ գյուղից: «Ես Խաչատրյան Սուրիկի հետ աշխատանքի բերումով ոչ մի կապ չունեմ և ինստիտուտի հարյուր տոկոս բաժնետերը հանդիսանում եմ ես»,- ասաց նա:


Սենիկ Ջուլհակյանն ավելացրեց, որ ինքը շենքը ձեռք է բերել՝ վճարելով բոլոր պարտքերը: «Ես ասացի, որ մենք ներդրում ենք անում, բայց շենքը տրամադրեք մեզ, որից հետո կառավարության մարտի մեկի որոշումով հաստավեց, որ իրենք մարումից հետո դեմ չեն շենքը ինձ տրամադրելուն, իսկ շենքը արտադրական նպատակներով իրավունք չունեմ օգտագործելու առաջիկա 10 տարիներին, իսկ տարեկան, տասը երիտասարդներ էլ պետք է ներգրավվեմ ինստիտուտի աշխատանքներում»,- ասաց նա:


Ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահը հավատացրեց, որ հետագայում ինքը միմիայն բիզնես նպատակով է ինստիտուտը ձեռք բերել և առաջիկայում շատ անելիքներ ունեն անսահմանափակ քանակությամբ միջազգային շուկայում ՀէԿ-ի նախագծեր իրականացնելու համար:


Ինստիտուտի եխնիկական գծով տնօրեն Հասմիկ Փալանջյանն էլ իր խոսքում հավատացրեց, որ Հմայակ Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը «նախընտրական ընտրարշավի ժամանակ իմիջ ձեռք բերելու միջոց է»: Նա ներկայացրեց, թե ինստիտուտն ինչ առաջընթացներ է ունեցել, սեփականաշնորհվելուց հետո՝ աշխատավարձերն են բարձրացել, պատքերն են մարել, ինչը հաստատեցին նաև մյուս աշխատակիցները:


Վերջում Սենիկ Ջուլհակյանը նշեց, որ ինքը պատրաստ է անվարձահատույց օգտագործման պայմանագիր կնքել բոլոր սեփականատերերի հետ, այդ թվում նաև պատրաստ են դա տրամադրել Հայաստանի քաղաքագետների միությանը: