Մաշտոցի այգու ակտիվիստները սատարում են Բրյուսովի ուսանողների նախաձեռնությունը
Մաշտոցի պուրակի պաշտպան բնապահպան ակտիվիստները հայտարարություն են տարածել, ուր իրենց համերաշխությունն են հայտնում Բրյուսովի համալսարանի ուսանողներին՝ այլևս նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի շահերի պաշտպանության հարցում:
Հայտարարության մեջ նշվում է. «Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների դեմ պայքարող քաղաքացիներս համերաշխություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանի ուսանողներին: Ձեր զանգվածային ու կարգապահ բողոքով դուք պատմական օրինակ եք ցույց տալիս ամբողջ Հայաստանի ուսանողության համար»:
Ասվում է նաև, որ բրյուսովցիներից շատերը ամիսներ շարունակ կանգնած են եղել Մաշտոցի պուրակում` ի պաշտպանություն հանրային տարածքի:
Քաղաքացիական նախաձեռնություն ՀԿ-ների ներկայացուցիչների համոզմամբ՝ անկախ կողմնորոշումներից և անձերի նկատմամբ համակրանքից` բրյուսովցիները նախևառաջ ոտքի են ելել պաշտպանելու արդարությունն ու օրինականությունը:
«Մենք ցանկանում ենք դառնալ ինքնորոշված քաղաքացիների սերունդ և ապրել մի երկրում, որտեղ օրենքը կհարգեն բոլորը, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները` լինի քաղաքապետ, թե նախարար: Բոլորին, ովքեր հանկարծակիի են եկել մեր օրինական պահանջներից, մենք հայտարարում ենք, որ տեր ենք կանգնելու մեր համալսարանին, մեր քաղաքին և մեր պետությանը»:
Բնապահպանական ակտիվիստները հայտարում են, որ իրենք քաջալերում են բրյուսովցիների արդար պայքարը և պատրաստ են համագործակցության՝ հանուն քաղաքացիական Հայաստանի և ինքնորոշված քաղաքացու:
«Ինքնորոշված ուսանողնե՜ր, մենք ձեզ հետ ենք: Չկա մի ուժ, որ կկանգնեցնի Հայաստանի հանրության ինքնորոշումը»:
Հայտարարությանը միացել են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը և «Փրկե՛նք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը։









